Հերթական քաղաքացին է տհաճ անակնկալի հանդիպել Գյումրու մաքսատանը

Հերթական քաղաքացին է տհաճ անակնկալի հանդիպել Գյումրու մաքսատանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Aysor.am-ի խմբագրություն է դիմել մի քաղաքացի, տեղեկացնելով, որ գնացել է Գյումրու մաքսատուն, ավտոմեքենան վերցնելու, սակայն տեսել է, որ մեքենայի բանալին չկա։

«Խայտառակ իրավիճակ է տիրում Գյումրու մաքսատանը, մարդիկ չգիտեն, թե ուր են իր մեքենայի իրերը, ինչու է այդ վիճակում, վերահսկողություն չկա, պահպանություն չկա, բանալի չկա, մեքենաներից բենզինը քաշած է և այլն։ Կա մի մեքենա, որը կիսով չափ է քոնը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքացին։

Նա նաև նշեց, որ մաքսատան տարածք մտնելը շատ հեշտ է։

«Ես կարծում եմ, որ մեքենային միայն վարորդը կամ մեքենայի տերը պետք է կարողանա մոտենալ, որպեսզի հետագա պատասխանատվությունն էլ ինքը կրի։ Թեև փաստաթուղթ պահանջվում է տարածք մտնելու համար, բայց շատ թույլ վերահսկողություն է, որպեսզի մաքսատանն իմանան, թե տվյալ պահին քանի հոգի է հաշվառվել, քանի հոգի է իրենց տարածքում։ Ինչ-որ մեկը «ակումլյատորը» ձեռքին «պերեմիչկա» տալու համար գումար է ուզում, մինչդեռ դա պետք է անվճար լինի։ Մաքսատան տարածքում կայանման մեկ օրվա համար 2000 դրամ են ուզում, սակայն պահպանություն չեն իրականացնում», – ասաց քաղաքացին։

Նա նշեց, որ իր ավտոմեքենայի բանալին մեքենայի մեջ չի եղել, մինչդեռ գնման փաստաթղթերում նշված է եղել, որ մեքենայի հետ բանալի կա.

«Խնդիրը լուծվեց «հայկական մոտիվներով», աղմուկ բարձրացնելուց հետո պարզվում է՝ բանալիդ հայտնվում է, ընկնում ես շրջապտույտի մեջ, որպեսզի հասկանաս, թե ով է տարել։ Սկզբում մեկի անունն են տալիս, հետո՝ մյուսի, հետո ասում են, թե այսինչն է ինձ փոխանցել, ու վերջում էլ թե՝ կարևորն այն է, որ գտնվեց»։

Հարցին, թե չի՞ փորձել պատասխանատու մեկից ճշտել՝ ո՞վ իրավունք ունի վերցնել իր բանալին, ասել՝ չկա, վեճից հետո միայն տալ տիրոջը, քաղաքացին պատասխանեց.

«Նախ պետք է հասկանալ, թե ով է այնտեղ պատասխանատու»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղեկացրել էինք նաև, որ մեկ այլ քաղաքացի էր տհաճ անակնկալի եկել. Գյումրու ավտոմաքսատանը գողացել են ԱՄՆ-ից ներկրված նրա մեքենայի պահեստամասերը։

«Ավտոմաքսատանն իմ ավտոմեքենայի նման թալանված այլ ավտոմեքենաներ ևս կային։ Նույնիսկ մարդիկ կային, որոնց ավտոմեքենաների բանալիներն էին գողացել։ Եվ սա այն դեպքում, երբ ավտոմեքենայի պահպանման համար մենք բոլորս վճարել էինք 6800 դրամ», – ասել էր քաղաքացին։

Նշենք նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին տեղեկություն էր ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (ք.Գյումրի) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին:

Aysor.am-ին ՊԵԿ-ից հայտնել են, որ այս կապակցությամբ մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ԱՏԳ տարածքում և դիմել ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նկարագրված դեպքերից տուժած բոլոր անձանց համապատասխան հաղորդումներ ներկայացնել ՀՀ ոստիկանություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում