Կապանում բոլոր վերելակները կենթարկվեն տեխնիկական զննման

Կապան քաղաքի վերելակները անխափան եւ անվտանգ շահագործելու նպատակով քաղաքապետարանի, համատիրությունների եւ «Վերելակ» արտադրական կոոպերատիվի միջեւ կնքվել է եռակողմ պայմանագիր: «Քաղաքապետարանը հիմնականում հանդես է գալիս որպես վերահսկող կողմ, քանի որ վերելակները համատիրության ենթակայության տակ են», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը:

Ըստ կնքված պայմանագրի, Կապ անի բոլոր վերելակները կանցնեն տեխնիկական զննում եւ կստանան շահագործման թույլտվություն, ինչը մինչ այժմ չի ունեցել քաղաքի ոչ մի վերելակ: Ըստ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի բաժանմունքի գլխավոր փորձագետ Կարեն Մկրտչյանի’ Կապանում առկա 157 վերելակներից շատերը եղել են անմխիթար վիճակում, շահագործվողներն էլ դրական եզրակացություն չէին ստանում հիմնականում այն պատճառով, որ չունեին սպասարկման համար պատասխանատու:

Այժմ այդ գործը, ըստ կնքված պայմանագրի, ստանձնել է «Վերելակ» արտադրական կոոպերատիվը, որը ապահո վելու է վերելակի անխափան աշխատանքը, զբաղվելու է վերելակների ընթացիկ նորոգումներով: «Մեկ վերելակի համար բնակիչներից հավաքված 10 հազար դրամ սպասարկման վճարով հոգալու ենք վերելակը սպասարկող անձնանց աշխատավարձը, պահեստամասերի ծախսերը, բացի շարժիչի նորոգման դեպքում: Վերելակի եւ խցիկում, եւ խցիկից դուրս փակցված են լինելու երկու հեռախոսահամարներ, որոնցով քաղաքացիները կարող են զանգահարել վերելակի աշխատանքի խափանման դեպքում»,- ասաց կոոպերատիվի նախագահ Սամվել Մկրտչյանը:

Ըստ փոխքաղաքապետի’ վերելակների նորոգումը Կապանում շարունակական է լինելու: Այդ նպատակով անհրաժեշտ են զգալի գումարներ, ինչի համար դիմել են դոնոր կազմակերպություններին եւ ստացել նախնական համաձայնություն:

Այսօրվա դրությամբ քաղաքապետարանի կողմից տրամադրված 7 մլն դրամ գումարով նորոգվել է 9 վերելակ, որոնք անցել են տեխնիկական փորձաքննություն եւ ունեն շահագործելու թույլտվություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում