Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Հարգե՜լի գործընկերներ
Այսօր հայտ եմ ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ինչպես հայտնի է՝ հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ կարող են լինել յոթ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբանական գիտությունների այն թեկնածուները կամ դոկտորները, ովքեր սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեն։
Ցանկանում եմ հատկապես անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների ոլորտում իմ փորձառությանը։ Այսպես՝
• 2015-2017 թթ, այսինքն՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրականացման ամենապատասխանատու շրջաններից մեկում, եղել եմ ՀՀ արդարադատության նախարար, պատիվ եմ ունեցել համակարգել սահմանադրական փոփոխություններից բխող օրենքների մշակումը եւ ներկայացումը, իսկ որոշ առանցքային օրենքների դեպքում եղել եմ նաեւ հիմնական զեկուցողը Ազգային ժողովում։
• Սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքում ակտիվորեն համագործակցել եմ մեր միջազգային գործընկերների հետ ՄԱԿ-ից մինչեւ Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ զեկուցումներով հանդես գալով այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստերում(Ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» օրենք եւ այլն)։
• Արդեն 2017 թվականի մայիսից որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ շարունակել եմ աշխատել սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված օրենսդրական նախագծերի փաթեթների վրա՝ համագործակցելով նաեւ միջազգային կառույցների հետ։ Հենց այս պատճառով էր նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովին նիստերին մասնակցելու հրավերներ ստացել եմ նաեւ արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ (Իմ այս շրջանի գործունեությունը ամրագրված է համապատասխան որոշումներում, արձանագրություններում եւ այլ փաստաթղթերում): Այն, որ ես շատ հաճախ իշխանությունների կարծիքից տարբերող կարծիք ունեմ եւ իշխանությանն այլախոհ եմ, կարծում եմ՝ գաղտնիք չէ։
Այս հայտը ներկայացրել եմ համոզմունքով, որ
• Գաղափաների շուկայում ճշմարտությունը ծնվում է գաղափարների ազատ մրցակցության, գաղափարների եւ գաղափարախոսությունների հանրային թափանցիկ մրցակցության եւ շրջանառության դեպքում։ Սա է եղել այն հիմնական եւ առաջնային պատճառը, որի համար ես արել եմ հանձնաժողովում ընդգրկվելու քայլը։ Որպես իրավաբան եւ ՀՀ քաղաքացի ինձ համար խիստ կարեւոր է, որ երկրի մայր օրենքի որեւէ դրույթ փոփոխության ենթարկվի բազմակողմանի, երբեմն նաեւ՝ թեժ քննարկումների արդյունքում։
• Սահմանադրական բարեփոխումների բնագավառում իմ վերը նշված փորձառությունը (ի դեպ որոշ դեպքերում, ես համաձայն չեմ եղել կոնկրետ կարգավորումների հետ) ինձ եզակի հնարավորություն է տվել դետալ առ դետալ տեղեկացված լինել 2015 սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական ակտերի էությանը, այդ օրենսդրական ակտերի ընդունմանը նախորդող բազմաթիվ քննարկումների մանրամասներին, այն գաղափարախոսությունը, որը ընկած է յուրաքանչյուր կոնկրետ սահմանադրական դրույթի հիմքում։ Կարծում եմ՝ այս հանգամանքը կարող է ունենալ էական նշանակություն։
• Շատ հաճախ ներկայացվող քննադատություններին ի պատասխան իշխանությունների կողմից բերվում է այն փաստարկը, որ ներկայացված՝ քննադատությունները ապակառուցողական են, հեռվից հեռու կատարվող դիտարկումներ են, սակայն եթե օրինակ դրանք կատարվեն այլ կերպ, իրենք միշտ պատրաստ են լսել ու քննարկել։ Ուստի սա հնարավորություն է իշխանությունների համար ցույց տալու, որ իրենք պատրաստ են քննարկումների եւ պատրաստ են լսել նաեւ այլ տեսակետ ունեցողին։ Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք։
Հ.Գ. Համոզված եմ, որ հանձնաժողովին անդամակցելու հայտ ներկայացրած իրավաբան գիտնականները պրոֆեսիոնալներ են, սակայն, կարծում եմ, հատկապես այս հանձնաժողովի գործունեության համար առաջնային պետք է լինի սահմանադրական բարեփոխումների գործընթացում ունեցած փորձառությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում