«Միկա» ֆուտբոլային ակումբը փոխել է Եվրոպայի լիգայի երեւանյան հանդիպման օրը

Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբը փոխել է Եվրոպայի լիգայի երեւանյան հանդիպման օրը:

Ինչպես տեղեկացնում են «Միկա»-ի մամուլի ծառայությունից’ հունիսի 24-ին Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության վիճակահանությունից հետո, որի ժամանակ «Միկա»-ին մրցակից էր ընտրվել Չեռնոգորիայի «Ռուդար»-ը, ճշգրտումներ են մտցվել հանդիպումների ժամանակացույցում:

«Միկա»-ն իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, իսկ ահա պատասխան խաղը, որը նախատեսված էր հուլիսի 11-ին, կկայանա երկու օր շուտ’ հուլիսի 9-ին:

ՈՒԵՖԱ-ն հաշվի է առել այն հանգամանքը, որ հուլիսի 11-ին ևս «Փյունիկ»-ը Երեւանում Եվրալիգայի խաղարկության հանդիպում է անցկացնելու եւ փոխել է երեւանյան հանդիպումներից մեկի օրը: «Միկա»-ն «Ռուդար»-ին կընդունի սեփական մարզադաշտում հուլիսի 9-ին: Հանդիպումը կսկսի ժամը 18:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում