Միանշանակ է՝ բանակցային գործընթացն իր ողջ ծավալով ընթացքի մեջ է. փորձագետ

Միանշանակ է՝ բանակցային գործընթացն իր ողջ ծավալով ընթացքի մեջ է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ԱԳ նախարարների ժնևյան հանդիպումը մեկ անգամ ևս փաստեց, որ արցախյան կարգավորման բանակցային գործընթացն իր ողջ ծավալով ընթացքի մեջ է, և հակառակ պնդումները ոչ այլ ինչ են, եթե ոչ ներքին լսարանին ուղղված քարոզչական քայլեր: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով արտգործնախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը:

«Հունվարի 29-30-ը Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը և հատկապես համանախագահների ամփոփիչ հայտարարությունը հերթական հարվածն էր հայաստանյան իշխանությունների ստեղծած այն միֆին, որ բանակցություններ դեռ չկան, զուտ քննարկումներ, մտքերի փոխանակումներ են ընդհանուր հարցերի շուրջ: Համանախագահների հայտարարության մեջ շատ հստակ ամրագրված է՝ դեռ 2019-ից ունենք «ձեռք բերված պայմանավորվածություններ և քննարկված առաջարկներ», որոնց իրականացման շուրջ կողմերը զրուցել են արդեն Ժնևում: Այսինքն այսուհետ հստակ կարող ենք ամրագրել, որ արցախյան կարգավորման բանակցային գործընթացն իր ողջ ծավալով ընթացքի մեջ է, և հակառակ պնդումները ոչ այլ ինչ են, եթե ոչ ներքին լսարանին ուղղված քարոզչական քայլեր», – նշեց փորձագետը՝ հավելելով, որ նման քարոզչական քաղաքականության պատճառները կարող են շատ տարբեր լինել:

«Հատկանշական է, որ նույն ամփոփիչ հայտարարության մեջ համանախագահները նորից խոսում են «ապագա կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների և տարրերի մասին», որն իր ընդհանուր ձևակերպումներով նորից «հիշեցնում է» Մադրիդյան փաստաթուղթը կամ դրա փոփոխված որևէ տարբերակ: Սա մտահոգիչ է, հատկապես, եթե հաշվի առնենք Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները և Կապանից ԼՂՀ նախագահի թեկնածուներին ուղղված մարտահրավերը՝ արտահայտելու սեփական դիրքորոշումն այդ դրույթների վերաբերյալ: Ի՞նչ խնդիր ենք փորձում լուծել նման ճանապարհով՝ դեռ մշուշոտ է», – նշեց Մխիթարյանը:
Որպես ամփոփում՝ փորձագետն անդրադարձավ նաև հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանությանը՝ ուշադրություն հրավիրելով հատկապես «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպման վրա: «Առնվազն անհասկանալի է, թե ինչու է մեր պաշտոնական խոսքում հայտնվել «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպումը, որն իր հետ բավական շատ հարցեր է առաջ բերում ու մտահոգությունների տեղիք տալիս», – ամփոփեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում