Քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տված պատասխաններն արձանագրել էր սկզբում, հետո ջնջել էր. Նարեկ Սամսոնյան

Քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տված պատասխաններն արձանագրել էր սկզբում, հետո ջնջել էր. Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ դուրս գալով ՀՔԾ-ից, հայտարարեց, որ ինչպես կանխագուշակում էր հրավիրվել էր ցուցմունք տալու «իկռայի գործով»:

Սամսոնյանը նշեց՝ հարցաքննության ողջ ընթացքն, իր համոզմամբ, վերահսկվելէ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից:

Սամսոնյանի խոսքով՝ հարցաքննության ընթացքում քննիչ Լեռնիկ Սարգսյանը 7-10 րոպեով դուրս է եկել սենյակից, ապա վերադարձել ու նոր հարցեր տվել, որից հետո Սամսոնյանի պատասխաններից որոշ հատվածներ չի ներառել ցուցմունքում:

«Երբ ավարտվեց հարցաքննությունը, վերցրեցին թուղթը, որ ծանոթանանք ցուցմունքի հետ, ու պարզվեց քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տված պատասխանները արձանագրել էր սկզբում, հետո ջնջել էր, նոր տպել էր: Նման աբսուրդ ես երբեք չեմ տեսել:

Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը պաշտոնական կեղծիք արեց՝ իմ խսքերը հեռացրեց հարցին պատասխանելու տրամաբանությունից: Ինձ տրված հարցին որպես պատասխան վերջում ավելացրել եմ, որ իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է արտաքին գործողություններով, այն է՝ ՀՔԾ պետը քաղաքական գործունեությամբ է զբաղվել և զբաղվում, նա պիտի ենթարկվի պատասխանատվության։ Ես չունեմ վստահություն նրա նկատմամբ: Այս հարցի պատասխանը քննիչը հանել էր», – ասաց Սամսոնյանը:

Այս գործողությունները Սամսոնյանը որպես քաղաքական հետապնդում որակեց՝ նշելով, որ գործընթացն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից:

Սամսոնյանն ասաց, որ այդքանից հետո չի ստորագրել ցուցմունքի տակ՝ փոխարենը գրելով, որ իր կողմից ասված խոսքերն ամբողջությամբ չեն արտահատվել, տպագրված պատասխանների և իր տված պատասխանների մեջ կա տարբերություն, իսկ քննիչը կեղծարար է:

Նրա խոսքով՝ քննիչը վերելակի մոտ իրեն սպառնացել է, որ դատելու է. «Սպասում եմ՝ ինչ հոդվածով են ինձ դատելու, չեմ բացառում, որ երկու ժամ հետո դառնամ մեղադրյալ»:

Սամսոնյանի փաստաբան Սամվել Սիմոնյանն էլ ընդգծեց, որ վկայի կարգավիճակը թույլ է տալիս տալ ցուցմունք, որն, ըստ վկայի, ճշմարտացի է, և որևէ մեկը չի կարող ուղղորդել, որ ձևակերպումները լինեն որևէ մեկի սրտով:

Երեկ ՀՔԾ-ից հայտնել էին, որ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020 թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Սամսոնյանի՝ հունվարի 26-ին արած գրառումը, որի հիման վրա, ենթադրաբար, կարող էր քրեական գործ հարուցվել՝ «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետ»-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում