«Փաստ». Այս իշխանությունները որոշումներն ընդունում և կիրառում են միակողմանի

«Փաստ». Այս իշխանությունները որոշումներն ընդունում և կիրառում են միակողմանի

«Հանրության առջև հաշվետու լինելն այնքան էլ հեշտ գործ չէ, այն ենթադրում է ամենօրյա բարդ աշխատանք։ Սակայն որպեսզի կառավարության որոշումներն իրոք նպաստեն երկրի առաջընթացին, ապա իշխանություն-հանրություն կապը պետք է լինի երկկողմանի։

Այսինքն՝ մի կողմից հասարակության մեջ առկա խնդիրները վեր հանվեն, և իշխանությունները փորձեն տալ դրանց լուծումները, իսկ մյուս կողմից՝ կառավարությունը որոշումներն ընդունելիս ելնի հանրային շահերի սպասարկումից, դրանք հանրային քննարկման դնի, հաշվի առնի քաղաքացիների մոտեցումները և այլն։

Իսկ թե ինչքանո՞վ է ներկայիս իշխանություններին հաջողվում ապահովել հանրության հետ կապը, շատ վիճելի է։

Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, իշխանությունների վարած քաղաքականությունը և ընդունած որոշումները շատ հաճախ հանրային բողոքի տեղիք են տալիս։

Այդպես եղավ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը դպրոցական ծրագրերից դուրս թողնելու իշխանության նախաձեռնության դեպքում, որի արդյունքում ուսանողները, դասախոսները և, ինչու չէ, շարքային քաղաքացիները արտահայտեցին իրենց բողոքը։

Դժգոհությունների առիթ դարձան նաև իշխանությունների կողմից ծննդատների, գիշերօթիկների փակման, պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու և այլ որոշումներ։ Եղան նաև ճանապարհներ փակելու դեպքեր։

Այստեղ խնդիրն այն է, որ իշխանությունների կողմից առաջ քաշվող որոշումները բավարար չափով հանրային քննարկման չեն դրվում, մասնագետների հետ համապատասխան աշխատանք չի տարվում, որպեսզի նախքան որոշումների կիրառումը հասարակությունը հասկանա դրա թեր և դեմ կողմերը, հայտնի իր մտահոգությունները, որից հետո էլ իշխանությունները որոշումների նախագծերում կկատարեն համապատասխան փոփոխությունները։

Իրականում այս իշխանությունները որոշումներն ընդունում և կիրառում են միակողմանի, որից հետո նոր պարզվում է, որ խնդիրներ կան, ինչպես եղավ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու որոշման դեպքում, երբ պարզվեց, որ սպանդանոցների քանակը բավարար չէ։

Այնինչ, կարելի է նախատեսվող ծրագրերը նախ փորձնական կամ պիլոտային տարբերակով գործառնության մեջ դնել, ապա հասկանալ, թե տվյալ տեսքով այն կաշխատի, թե ոչ։ Իսկ մեծամասամբ կառավարությունն ընդհանրապես՝ ո՛չ սկզբում, ո՛չ էլ հետո, հաշվի չի առնում հանրության կարծիքը։

Օրինակ՝ հանրությունից գաղտնի բարձրացվում են նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նրանց աստղաբաշխական քանակությամբ պարգևավճարներ են բաժանվում։ Այնինչ կարելի էր այդ հարցը դնել հանրության դատին, թե արդյոք քաղաքացիները կողմ են, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կրկնակի բարձրանա, իսկ իրենց թոշակները և աշխատավարձերը միայն շատ փոքր չափով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում