«Փաստ». Այսպես յուրաքանչյուր իշխանություն կարող է ՀՀ գլխավոր օրենքը համապատասխանեցնել իր քաղաքական շահերին

Նմանատիպ
Դեռևս անցած տարվանից քննարկումներ են ծավալվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու շուրջ, որն արդեն գործնական փուլ է մտնում, քանի որ օրերս ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:
Հայտնի են հանձնաժողովում խորհրդարանական խմբակցությունների կողմից ներկայացված անդամների, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից ընտրված իրավաբան-գիտնականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների անունները:
Այնուամենայնիվ, հանրության համար այդպես էլ չեն բերվել համապատասխան հիմնավորումներ, թե սահմանադրական փոփոխությունները ինչով են իրականություն դարձնելու հանրության մեծամասնության ակնկալիքները, կամ ինչով է պայմանավորված այդ փոփոխությունների հապշտապ անցկացնելը, մանավանդ, որ վերջին սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել ընդամենը 5 տարի առաջ։
Սա արդյոք նախադեպ չի՞ ստեղծում, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և ՀՀ գլխավոր օրենքը համապատասխանեցնել իր քաղաքական շահերին։
Վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում բացառեց կառավարման համակարգի փոփոխությունը և սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը համարեց դատական համակարգի բարեփոխումները:
Եվ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ տպավորություն է ստեղծվում, թե սահմանադրական փոփոխությունների իրականացումը գլխավորապես պայմանավորված է իշխանությունների՝ ՍԴ-ն կազմալուծելու և ՍԴ դատավորներից ազատվելու մտադրությամբ։
Սակայն գործող Սահմանադրությամբ ՍԴ-ին է վերապահված այն լիազորությունը (հոդված 168, 2-րդ կետ), որ մինչև սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։
Եվ քանի որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում փորձում են մեկուսացնել ՍԴ-ին, ակնհայտ ոչ սահմանադրական ճանապարհ են ընտրել, և սրա մասին անընդհատ բարձրաձայնում են իրավաբանները։
Խնդիրն այն է, որ իշխանությունների կողմից նախաձեռնվել է արտահերթ նիստով քննարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Եվ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով փորձ է կատարվում իբր «հիմնավորել», թե Սահմանադրության՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» նախատեսող 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ:
Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը որոշելու համար պարտադիր պայման չէ ՍԴ-ին դիմելը, և, ըստ էության, այդ հարցը կարող է որոշվել ըստ Ազգային ժողովի հայեցողության, որը կցանկանա, կդիմի ՍԴ, չի ցանկանա, չի դիմի: Ավելին՝ իշխանությունները նախատեսում են, որ եթե անգամ Ազգային ժողովը դիմի ՍԴ, սակայն ստանա բացասական եզրակացություն, ապա դա որևէ ազդեցություն չի ունենա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում