«Ural» ավիաընկերությունը բացատրել է Չինաստանից Հայաստանի քաղաքացիներին տարհանելու մերժումը

«Ural» ավիաընկերությունը բացատրել է Չինաստանից Հայաստանի քաղաքացիներին տարհանելու մերժումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ural ավիաընկերությունը փետրվար ամսից իրավունք է ստացել Չինաստանից չարտերային թռիչքներով տեղափոխել միայն ռուսներին։ Այս մասին այսօր «РИА Новости»-ին տեղեկացրել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշման, «Ուրալ ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է կանոնավոր թռիչքները դեպի Չինաստան (01.02.2020): Այդ օրվանից ավիաընկերությունն իրականացնում է միայն չարտերային թռիչքներ: Հայտերն ուղարկվել է Չինաստանի ավիացիոն իշխանություններին: Ըստ թույլտվության, ավիաընկերությունն իրավունք ունի տեղափոխել բացառապես Ռուսաստանի քաղաքացիների», – ասվում է փոխադրողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այսօր նաև «Կոմերսանտ» թերթը հաղորդել էր, որ չինական Սիան-Սյանյան օդանավակայանում ավիաընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են տոմսեր ունեցող ԱՊՀ-ի շուրջ 70 քաղաքացիների ինքնաթիռ նստեցնել։

Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ-ն, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից ու խորհուրդ տվել Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկությունները։

ՀՀ ԱԳՆ-ն ևս նշել էր, որ փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:

«Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին»,- ասվում էր հայտարարության մեջ։

Այնուհետ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ փետրվարի 2-ին Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել էր և տեղափոխվել Ղազախստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում