Մեր՝ դատական նիստի չներկայանալը բողոքի նշան էր. Ռ. Քոչարյանի պաշտպաններ

Մեր՝ դատական նիստի չներկայանալը բողոքի նշան էր. Ռ. Քոչարյանի պաշտպաններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները ներկայացրին նախորդ նիստին չներկայանալու պատճառները: Նրանք նշեցին, թե դա բողոքի նշան էր դատավոր Աննա Դանիբեկյանին:

Պաշտպաններից Հայկ Ալումյանը, դիմելով դատավորին, ասաց, թե վերջինս դատավարության ընթացքում ոչ միայն իրավունք ունի նկատողություն անելու և միջնորդությունը մերժելու, այլև պարտականություն՝ այնպես անել, որ պաշտպանը, աշխատանքի գալով, դրանից բացի ուրիշ բանի մասին չմտածի:

«Նախորդ դատական նիստին չներկայանալս կարծիքիս արտահայտման միակ ձևն էր, որ Դուք ինձ թողել եք, որովհետև դատական նիստերից մեկում տուժողի իրավահաջորդ ներկայացած Էդիկ Հարությունյանի կողմից հնչեց արտահայտություն, որի իմաստը չհասկանալով՝ ես անձամբ առաջարկեցի պարզություն մտցնել, թե ինչ նկատի ուներ «թե չէ մեր օրը կընկնեք» արտահայտությունը անելով»,- հիշեցրեց փաստաբանը:

Ալումյանը նշեց, թե դատարանը պարտավոր էր ապահովել դատավարության բնականոն ընթացքը. «Փոխանակ պարզեիք՝ ինչ նկատի ուներ Հարությունյանը, որից հետո որոշվեր՝ արտահայտությունը պե՞տք էր համարել սպառնալիք, թե՞ ոչ, որևէ ձևով չարձագանքեցիք, իսկ հետո երկու՝ պաշտպանական և մեղադրող կողմերին դիտողություն արեցիք: Չպարզեցիք՝ ինչո՞ւ են հնչում արտահայտություններ, որոնք կարելի է մեկնաբանել առնվազն որպես ատելության խոսք»,- նկատեց Ալումյանը՝ ընդգծելով, թե իրենց ֆրանսիացի գործընկերը չի գալիս նիստերին, որովհետև սովոր չէ այսպիսի արարողակարգի, որը մեր երկրում կոչվում է դատական նիստ:

Պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ ընդգծեց, թե Հարությունյանի արտահայտությունը որպես սպառնալիք է ընկալվել նաև տուժողի իրավահաջորդներից Սարգիս Քլոյանի կողմից. «Նա այդ բառերից անմիջապես հետո արտասանեց հետևյալը՝ «լեզվի սայթաքում էր»»,-ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ նիստին չներկայանալու վերաբերյալ ներկայացված պատճառներից՝ ինքն ինքնուրույն հիմնավորում ևս ունի.

«Մենք մի քանի միջնորդություններ ենք ներկայացրել Ձեզ, և Դուք պարտավոր եք Ձեր որոշումները պատճառաբանել, դա օրենքի պահանջ է: Մեր կողմից ներկայացված միջնորդությունների սեպտեմբերի 17-ի և նոյեմբերի 5-ի որոշումներում չեք կատարել պատճառաբանելու պարտականությունը: Ընդ որում, նոյեմբերի 5-ի որոշման մեջ 50 տոկոսով արտագրել էիք իմ կողմից ներկայացված տեքստի բովանդակությունը, բաց էիք թողել այն հատվածները, որոնց վրա Ձեր ուշադրությունն էի հրավիրել՝ հորդորելով պատճառաբանել որոշումները»,-ասաց Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում