Բացառիկ տեսանյութ․«Մարտի 1»-ի ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Politik.am: Politik.am-ը ամիսներ առաջ հրապարակել էր տեսանյութ, որից երևում էր, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում։
Այսօր լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ մեկ այլ տեսանյութ, որից պարզ է դառնում, որ Մաշտոցի պողոտայում, Պարոնյան և Լեո փողոցներում այլ զինված անձիք ևս եղել են։
Կայքի ձեռքի տակ հայտնված մեկ այլ տեսանյութում զինված անձը, ցուցարարների շարքերից դեպի ոստիկանության կողմ օդ կրակահերթ է արձակում։
«Ի դեպ այս երկու դեպքում էլ տեսանյութում արձանագրված են մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երևան քաղաքում առկա դրությունը։ Այսինքն՝ քաղաքացիների շարքերում եղել են մարտական զինված զենքով անձինք, որոնց գործողությունների շարունակականությունը կարող էր անդառնալի հետևանքների բերել, եթե պետությունը չմիջամտեր։
Պետք է նկատենք, որ զինված քաղաքացիների գործողությունների տարածքում են զոհվել «Մարտի 1»–ի երեք զոհերը՝ Տիգրան Էդիկի Աբգարյան (ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում, գնդակը չեն գտել), Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան (ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում, գնդակը չեն գտել), Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան(ստացել է հրազենային վիրավորում, մարմնից դուրս է բերվել 5,45 տրամաչափի գնդակ)»,– գրում է կայքը։
Politik.am–ը նշում է, որ այս երեք զոհերը եղել են այն հատվածներում, որտեղ գործել են տեսանյութում պատկերված զինված անձիք։ Այս երեք զոհերի դեպքում էլ, ըստ կայքի, չի բացառվում, որ հենց կադրերում երևացող զինված քաղաքացիների ձեռքով են նրանք սպանվել։
«Ի դեպ մարտի 1-ին իրենց բնակարաններում գտնվող Լեո փողոցի բնակիչներ ևս վիրավորվել են ու ակնհայտ է, որ այդ վիրավորումները կարող էին լինել օդ կրակող քաղաքացիների գործողություններից։ Ի վերջո, բարձրահարկ շենքերի մեջ օդ կրակելը այդքան էլ անվտանգ գործողություն չէ։
Որոշ շրջանակները կարող են պնդել, որ դրանք սադրիչներ են եղել, բայց իշխանություններին ոչինչ չի խանգարում գտնել սադրիչներին։ Եվ հետո կադրերից էլ երևում է, որ նրանք քաղաքացիների միջից են կրակում, եթե սադրիչներ են, ապա ինչո՞ւ են ցուցարարները շարունակում առանց որևէ անհանգստության մնալ նրանց կողքին»,– գրում է կայքը։
Լրատվամիջոցը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1»-ը լիարժեք բացահայտված է։ «Ու հիմա հարց է առաջանում՝ իշխանությունները գիտե՞ն, թե ովքեր են եղել քաղաքացիների շարքերից կրակողները, թե՞ Փաշինյանը չափազանցնում էր, երբ հայտարարում էր, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Ամեն դեպքում, հիմա գնդակը իշխանության դաշտում է։ Հիմա արդեն հստակ փաստարկված է, որ քաղաքացիների շարքերում եղել են զինված անձիք ու իշխանությունները պարտավոր են հանրությանը բացատրել, թե ովքե՞ր են նրանք և նրանց գործողություններից ովքեր են տուժել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում