Պետական բուհերը մինչեւ 50 տոկոս կզեղչեն կարկուտից տուժած համայնքների ուսանողների ուսման վարձը
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության պետական բուհերում սովորող Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների ուսանողների ուսման վարձերը կզեղչվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ուսման վարձը կզեղչվի 26 համայնքների ուսանողների համար: «ՀՀ պետական բուհերի ռեկտորները մեզ պարբերաբար պետք է տեղեկատվություն տրամադր են: Զեղչերը կկիրառվեն նաեւ մարզի այն ուսանողների համար, ովքեր այս կամ այն պատճառով ուսման վարձի պարտք ունեն»,- ասաց Բաղդասարյանը:
Երեւանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի տեղեկացմամբ` ուսման վարձը զեղչելու համար իրենց դիմել է մագիստրատուրայում սովորող ընդամենը մեկ ուսանող: «Քանի որ կառավարություն որոշումը եղել է մայիսի վերջին, իսկ մենք զեղչերը տրամադրում ենք մինչեւ մարտի վերջը, պետք է այդ մեկ հոգու հարցը ռեկտորատը քննարկի»,- ասաց Ժամհարյանը, հավելելով, որ մինչեւ 50 տոկոս զեղչերը կտարածվեն արդեն սեպտեմբերից սկսած: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական ախատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիքբաշխյանը նշեց, որ իրենց զեղչի համար դիմել է նշված համայնքներից հեռակա կարգով սովորող 120 ուսանող:
Նրանց ուսման վարձի նկատմամբ 20-50 տոկոս զեղչ կկիրառվի: «Քանի որ կառավարության որոշումը տարածվել է այն ժամանակ, երբ առկա համակարգում սովորող ուսանողներն իրենց վարձավճարն արդեն վճարել էին, ուսման վարձերը կզեղչվեն հեռակա համակարգում սովորողների դեպքում»,- ասաց նա` հավելելով, որ հաջորդ կիսամյակում կքննարկվի նաեւ առկա համակարգում սովորողների վարձերի զեղչի հարցը: Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսման վարձի զեղչի հարցով դեռ ոչ մի ուսանող չի դիմել: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված է.
«Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում