Այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծնունդն է

Այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծնունդն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, FacebookԱյսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծնունդն է։ Վստահ եմ՝ շատերն են այս օրերին հետևում Վիտոյի խոսքին ու գործին. մարդը նորից պայքարի մեջ է։ Ափսոս իհարկե, որ ստիպված է, բայց եկեք ճիշտն ասենք՝ այլ կերպ նա չէր կարող։

Մի քանի տարի առաջ, երբ տեսնում էի, թե հայրս ոնց էր գիշեր-ցերեկ պայքարում ադրբեջանական քարոզչության դեմ, երբ տեսնում էի, թե տեղեկատվական դաշտում ինչ ճակատ է ստեղծել թշնամու դեմ… իսկ հետո նաև սպանության փորձը եղավ, այն ժամանակ մտածում էի, որ պատերազմը շատերի համար ավարտվել է, բայց ոչ մեր ընտանիքի համար։ Մտածում էի՝ արդար չի երևի դա։ Մտածում էի՝ մայրս շատ տանջվեց՝ սկզբից Արցախում, երբ ամուսինն ու երեխաները անընդհատ կրակի տակ էին, հետո արդեն Պտղնիում, որտեղ, փաստացի, նույն վիճակն էր։ Բայց հետո երբ շուրջս նայեցի, տեսա, որ այդ պատերազմը չի վերջացել նաև, օրինակ, սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։ Բանակում ծառայող զինվորների համար։ Իրենց ամբողջ կյանքը ժողովրդին ու պետությանը նվիրած մեր սպաների համար։ Շատ շատերի համար, ովքեր, անկախ ամեն ինչից, իրենց գործն են անում։ Չեն տրտնջում, չեն բողոքում։ Ամեն օր խաչ են բարձրանում ու կրկին հարություն առնում։ Ապրում ու ապրեցնում մի ամբողջ ժողովուրդ…

Վիտոն մարդու ահա այդ տեսակն է։ Մեր ժողովրդի նվիրյալն է։ Մեր պահապան հրեշտակը։ Շատերը նրան, իհարկե, հիմա քարկոծում են, քննադատում, չեն հասկանում։ Բայց դա էլ է օրինաչափություն։ Նաև ապացույց, որ ճիշտը հենց Վիտոն է։ Հեշտ չէ ճշմարտության ուղին՝ դժվար է։ Բայց ո՞վ է ասել, որ հեշտ է լինելու։ Ամեն լավ բան իր գինն ունի։ Եվ որքան ժողովուրդը մոլորվում, սխալվում է, այնքան ավելի է բարձրանում հետագայում բարեկեցիկ ու անվտանգ կյանք ունենալու գինը։ Վիտոյի ու նրա նման մարդկանց տառապանքը, պայքարը, քրտինքն ու արյունը մեր բոլորիս խղճին են մնալու։ Եթե իհարկե չկանգնենք նրանց կողքին։ Չզինվորագրվենք նրանց։

Մեծ հաշվով ընտրությունը մեծ չէ՝ դու կամ դառնում ես սպառող, կամ նվիրյալ։ Վիտոն իր ընտրությունը վաղուց է արել։ Իսկ դու՞։

Ծնունդդ շնորհավոր, Վիտո։ Աստված քեզ պահապան։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում