Էդուարդ Շարմազանովը Աթենքում հանդիպել է Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ:
Ինչպես Times.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՀՀ ԱԺ փոխնախագահին’ Ապոստոլոս Կակլամանիսը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների’ դարերի խորքից եկող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, որ իր’ Հունաստանի խորհրդարանի խոսնակ լինելու օրոք’1996-ին է երկրի խորհրդարանը միաձայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար’ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ 20-րդ դարասկզբին տեղի է ունեցել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի, հույների, ասորիների եւ քրիստոնյա բնիկ այլ փոքրամասնությունների ցեղասպանություն’ ընդգծելով, որ հայերը եւ հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում: ԱԺ փոխնախագահը Կակլամանիսին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչելու մյուս քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը:
Իր հերթին, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն ընդգծել է, որ անրաժեշտ է անել ամեն ինչ’ նոր ցեղասպանությունների իրագործումը բացառելու համար:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերություններին’ կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցության, միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակման եւ դրանց հետեւողական իրագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵՄ-ի հետ մերձեցման ուղին բռնած Հայաստանին Հունաստանի հնարավոր աջակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում