Չկարողացա խոսել, ամաչեցի, վարչապետն ինձ հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չկարողացա խոսել, ամաչեցի, վարչապետն ինձ հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, NEWS.amԼոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու եւ տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում, իրականում առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։

Կուրթանցին News.am-ի հետ զրույցում պատմել է, որ ողնաշարի երկու ճողվածք ունի, բրոնխիտ, որն ազդել է նաև թոքերի աշխատանքի վրա։

«Բանակում չեմ ծառայել, ուղարկել էին բուժզննման Երեւանում, ասեցին՝ պիտանի չես ծառայության։ Բացի ողնաշարս, նաեւ երիկամների խնդիր ունեի։ Դա ծանր աշխատանքից էր, 11 տարեկանից աշխատել եմ՝ տուկ եմ բարձել օրը 3000-ով, 4000-ով, դաշտային գործեր եմ արել»,- նշել է 34-ամյա գյուղացին և հավելել, որ որոշ ժամանակ աշխատել է նաև Ռուսաստանում:

«Երնեկ ես առողջություն ունենայի, դուրս գայի, մի տեղ աշխատեի, տուն ստեղծեի։ Իմ դուրն էլ չէր գա, որ ես գնայի, պարոն Փաշինյանին ասեի՝ այս բանն է պետք»,- ասել է Մեխակը՝ նշելով, որ թեեւ իրեն բուժում է հարկավոր, բայց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված միայն ցավազրկողներ է ստանում։

Մեխակի ընտանիքը 10 հոգուց է բաղկացած, որոնք ապրում են վագոն-տնակի երկու փոքրիկ սենյակում։ Կոմունալ հարմարություններից զուրկ շինությունում խոնավությունից քայքայվում է հատակը, թիթեղյա ծածկից խոնավանում է առաստաղը, սանհանգույց չկա։ Խոնավության պատճառով ընտանիքի՝ Մեխակի ու նրա եղբոր 4 անչափահաս երեխաները, որոնցից ավագը՝ 5 տարեկան, առողջական խնդիրներ են ունենում հատկապես ձմեռվա ամիսներին։

Առաքելյանների ընտանիքն ապրում է բարեկամներից, հարեւաններից, գյուղապետից ստացած օգնություններով, նպաստով եւ հազվադեպ պատահող օրավարձով աշխատանքով։ Օգնության խնդրանքով բազմիցս դիմել են տարբեր մարմինների՝ այդ թվում վարչապետին, սակայն անպատասխան։ Մարտի 7-ին, իմանալով, որ վարչապետն իրենց գյուղ է ժամանելու, Մեխակը որոշել է անձամբ հանդիպել նրան․ «Ես գնացել էի վարչապետին խնդրեի, որ գոնե քարից երկու սենյականոց տնով օգնեն, որ խոնավ չլինի, երեխեքը չհիվանդանան։ Ուղղակի ես չկարողացա խոսեմ, ամաչեցի, որ առաջին անգամ հանդիպեցի իրեն, պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան, որ ասեի, ինքն ինձ հաղթեց էլի, ինքն ինձ ինչ պետք էր, ասեց… Ես էլ, որ բան չխոսացի, ինքը սկսեց ինձ՝ որ առողջ տղա ես, ինչի չես աշխատում, էլ չկարողացա խոսեմ»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին մարտի 7-ին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել եւ վարչապետին նման հարցով չդիմել՝ նշելով, որ իր դեպքում պետությունը պարտավորություն չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում