Ներկայացվել է ՀՀ-ում արխիվային գործի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
Նմանատիպ
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգի» նախագիծը:Փաստաթղթով սահմանվում են արխիվային գործի զարգացման նպատակները, խնդիրներն ու ուղղ ությունները: Ամատունի Վիրաբյանի խոսքով’ հայեցակարգի կենսագործման արդյունքում արխիվային գործը նոր որակի եւ մակարդակի կհասնի’ ենթակառուցվածքների արդիականացման, տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներդրման եւ կադրային ներուժի թարմացման միջոցով եւ հնարավոր կլինի որակյալ ու ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ մատուցել քաղաքացիներին, պետական կառավարման մարմիններին:
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն առաջարկել է փաստաթուղթը լրամշակել’ ընդգրկելով արխիվային գործի զարգացման հեռանկարներին վերաբերող բոլոր ուղղություններն ու խնդիրները, այդ թվում’ նախատեսել պայմաններ, որոնք կխրախուսեն արխիվային գործի նկատմամբ մասնավոր հատվածի հետաքրքրությունը: Լրամշակելուց հետո նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն:
ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի լրացուցիչ’ Պալերմոյի արձանագրությամբ, որին միացել է նաեւ Հայաստանը, անօրինական միգրացիայի կազմակերպումը քրեորեն պատժելի արարք է համարվում: Ըստ Գագիկ Եգանյանի’ ներկայացված նախագծով օրենսգիրքն առաջարկվում է լրացնել նոր’ 329.1-րդ հոդվածով, որի համաձայն, անօրինական միգրացիայի կազմակերպումը, անկախ անձի քաղաքացիությունից, քրեորեն պատժելի արարք կհամարվի: Բացի այդ, անօրինական միգրացիայի կազմակերպումից ստացած եկամուտները կդիտվեն որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաեւ Քրեական դատավարության օրենսգրքում:
Գագիկ Եգանյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է նաեւ «Վերադարձ» www.backtoarmenia.am ինտերնետային տեղեկատվական համակարգի ստեղծման եւ սպասարկման կարգի նախագիծը: Համակարգի ստեղծման եւ կարգի հաստատման նպատակը Հայաստան վերադարձող քաղաքացիների համար վերադարձի եւ կայուն վերահաստատման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, այդ տեղեկատվությունը եւ համապատասխան ծրագրերը մեկ ինտերնետային համակարգում մեկտեղելը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար հայաստանյան պետական մարմիններին ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորության ստեղծումը, «մեկ պատուհանի» սկզբունքով խնդիրների վերհանումն ու հետագայում դրանց իրավական կարգավորումն է: Նշվել է, որ նախագծերը քննարկվել են շահագրգիռ մարմինների կողմից եւ սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարություն:
Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկություններ է ներկայացրել Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում հունիսի 19-ին Երեւանում անցկացված «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովի արդյունքների մասին: Տեղեկացվել է, որ համաժողովի եզրահանգումները նախատեսվում է քննարկել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանում’ որպես Կոնգրեսի երաշխավորություններ ընդունելու նպատակով:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում աշնանը Երեւանում նախատեսվում է նաեւ ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը: Փոխվարչապետը հանձնարարել է սկսել կազմակերպչական աշխատանքները’ միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Քննարկված բոլոր հարցերը կոլեգիան ընդունել է ի գիտություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում