Մինսկի խմբի երկրների ղեկավարների հայտարարությունները պետք է լինեն հստակ ուղենիշ բանակցային գործընթացում.Անրի Ռենո

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կողմերը պետք է գտնեն խաղաղ լուծում’ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ Մադրիդյան սկզբունքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ հունիսի 28-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, պատասխանելով լրագրողների հարցերին, կարծիք հայտնեց, որ բացի խաղաղ ուղուց, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլընտրանք չունի: «Ես մեկ անգամ եւս հորդորում են հակամարտող կողմերին գտնել խաղաղ բանակցային ուղիներ»,- ընդգծեց Ռենոն:

Անդրադառնալով Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին’ դեսպանը նշեց, որ Ադրբեջանում պետք է ականջալուր լինեն Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների’ հունիսի 18-ին Էնիսկիլենում ընդունած հայտարարության մեջ արված հորդորներին: «Մինսկի խմբի երկրների ղեկավարների հայտարարությունները պետք է լինեն հստակ ուղենիշ ներկա եւ ապագա բանակցային գործընթացում»,- ասաց դիվանագետը’ հավելելով, որ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության նման բոլոր հայտարարությունները փոխհամաձայնեցված են ու բոլորի դիրքորոշումները հստակեցված են:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների’ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները, ընդունած համատեղ հայտարարությամբ համոզմունք են հայտնել, որ հայտարարությունները, որոնցով իրենք այս հարցի առնչությամբ հանդես են եկել վերջին 4 տարիներին, պետք է դառնան ԼՂ հակամարտության արդար եւ կայուն կարգավորման հիմքը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունից անմիջապես հետո ողջունել է դրա ընդունումը’ նշելով. «Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին, Հայաստանը բազմիցս է արտահայտել և ի պատասխան Էնիսկիլենում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կոչին, ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում