Եթե խնդրով մտահոգված չեն իշխանական ուժերը, ապա թող գործողություններ իրականացնեն ընդդիմադիրները
Նմանատիպ
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը շարունակում է Ռուսաստանին դիտարկել որպես ոչ այնքան բարեկամական երկիր. նա քննադատում է Ռուսաստանի’ Ադրբեջանին զենք վաճառելու քայլը և վստահեցնում, որ դրանով օժանդակում է Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրին:
Հունիսի 28-ին հրավիրված ասուլիսում Պարույր Հայրիկյանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինտեխնիկայի առքուվաճառքին Հայաստանի ընդդիմանալը տեսնում է ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր շրջանակների ըմբոստանալով: «Եթե խնդրով մտահոգված չեն իշխանական ուժերը, ապա թող գործողություններ իրականացնեն ընդդիմադիրները, քանի որ այսօր արդեն ավարտվել են նախագահական ընտրությունները և այլևս չկա աթոռի խնդիր»,- ասում է նա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ քաղաքական գործիչը կարծում է, որ պետք էր ահազանգ հնչեցնել, անգամ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Ինձ համար մտահոգիչ է ոչ այնքան զենքի վաճառքը, որքան մարդկանց անտարբերությունն այդ խնդրի նկատմամբ: Ինձ հետ պատահածը նույնպես դրա արդյունքն է»,- նշեց նա:
Լրագրողների հետ հանդիպման Հայրիկյանը կրկին եկել էր թիկնապահների հետ: Նա նշեց, որ իրեն պաշտպանելու որոշում է կայացրել իշխանությունը, իսկ իր համար թիկնապահների ներկայությունը տհաճ է, քանի որ ինքը ևս հսկողության տակ է լինում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրն օրեր առաջ ռուսական «Ведомости» պարբերականին տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ցամաքային զինատեսակների մատակարարումը: Աղբյուրի տվյալներով՝ գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի: Ադրբեջանն աչքի է ընկնում ընդգծված հակահայկական գործունեությամբ: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում