Փակ շուկան պետք է մնա իր նախկին տեսքով. Քաղշիննախարարության ներկայացուցիչ

«Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ում (Փակ շուկա) իրականացվող աշխատանքների թույլտվությունները ամբողջությամբ օրինական են: Իսկ դրանց իրականացման համար Երևանի քաղաքապետարանը Փակ շուկայի սեփականատիրոջը տվել է միայն զրո նիշից ներքև (ստորգետնյա) գտնվող հատվածում շինարարություն սկսելու թույլտվություն: Այս մասին հունիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրավիրված քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանը: «Թույլտվությունը միայն կայանատեղի և պահեստային հատված կառուցելու համար է եղել: Իսկ մինչ օրս շուկայի սեփականատերը վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ չի ներկայացրել»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ’ ասաց ճարտարապետը:

Նա տեղեկացրեց նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Փակ շուկայի տարածքում, որոնք շարունակական կլինեն:

Քննարկման ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք ունեն նույն դիրքորոշումը, ինչ նախկինում. Երևանի Փակ շուկան իր ներքին ու արտաքին տեքսով պետք է մնա այնպիսին, ինչպիսին եղել է: «Շինարարություն իրականացնող ցանկացած կառույց պարտավոր է ունենալ շինթույտվություն, եթե չկան դրանք, այն համարվում է ինքնակամ: Իսկ շինթույլտվությունը տալիս է բացառապես համայնքի ղեկավարը, տվյալ դեպքում’ քաղաքապետարանը»,- ասաց Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:

Բացի դրանից, նախարարությու նը երկու անգամ դիմել է Երևանի քաղաքապետարանին’ դադարեցնելու առանց շինթույլտվությամբ իրականացվող շինարարությունը’ այդպիսով պատմական հուշարձանը բերելով նախնական տեսքի:

2012 թվականի հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում սկսվել են վերանորոգման աշխատանքները: «Փրկենք փակ շուկան» նախաձեռնության ակտիվիստները պայքարում են երբեմնի պատմական կառույցի պահպանության համար: Պատկան մարմինները, սակայն, վստահեցնում են, որ նախագծի համաձայն շուկայի կամարները լիարժեք վերականգնվելու են, շենքի գլխավոր ճակատը նույնպես պահպան վելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում