«Փակ շուկա»-ն հանրապետական հուշարձան է, ոչ թե սովորական շենք. Մկրտիչ Մինասյան

Երեւանի «Փակ շուկա»-ն հանրապետական հուշարձան է, ոչ թե սովորական շենք, ուր առանց թույլտվության շինտեխնիկա է մտել: Այս մասին հունիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Եթե այդ տեխնիկան մտնում է տարածք, նշանակում է այն արդեն դեֆորմացվում է: Ես շատ եմ ափսոսում, որ մենք այդպես ենք վարվում մեր ամենագեղեցիկ կառույցներից մեկի հետ: Մենք առաջարկում ենք վերադարձնել շուկան այնպիսի տեսքի, ինչպես կար: Հարկավոր է ապամոնտաժել շինաշխատանքները, ամրացնել ու նոր նախագիծ ներկայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նա ափսոսանքով նշեց, որ գերատեսչությունները չկարողացան ժամանակին կանգնեցնել այդքան գեղեցիկ հուշարձանի «վերացումը» և ցավում, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իսկապես մտածում է, որ այն, ինչ կատարվում է շուկայում, հանցագործություն չէ:

Քննարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ ՀՀ մշակույթի, քաղաքաշինության նախարարություններից, Գլխավոր դատախազությունից, քաղաքապետարանից, Ճարտարապետների միությունից ու «Փակ շուկայի» տնօրինությունից: Սակայն ներկայացել էին միայն ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցը, քաղաքապետարանի և ճարտարապետների միության ներկայացուցիչները:

2012 թվականի հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում սկսվել են վերանորոգման աշխատանքները: «Փրկենք փակ շուկան» նախաձեռնության ակտիվիստները պայքարում են երբեմնի պատմական կառույցի պահպանության համար: Պատկան մարմինները, սակայն, վստահեցնում են, որ նախագծի համաձայն շուկայի կամարները լիարժեք վերականգնվելու են, շենքի գլխավոր ճակատը նույնպես պահպանվելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում