Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով Ֆրանսիան առաջատար է

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով նախորդ տարվա տվյալներով առաջին տեղում Ֆրանսիան է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային վիճակագրության ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, 2012 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 567.4 մլն դոլար, որը 2011-ի համեմատությամբ նվազել է 10.1%-ով: Այդ տարվա կտրվածքով Ֆրանսիայից ներդրումների ծավալը կազմել է 230 մլն դոլար, ինչը 2.3 անգամ ավելի է 2011-ի համեմատ, իսկ ռուսական ներդրումները նույն տարվա կտրվածքով կազմել են 88 մլն դոլար, որը, սակայն, 3.83 անգամ պակաս է 2011-ի համեմատությամբ: Հայաստանում ուղղակի ներդրումների ծավալը նվազել է նաև ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Բելգիայի, Կիպրոսի դեպքում:

2011-ի համեմատ 6 անգամ ավելի է եղել Արգենտինայի ուղղակի ներդրումների ցուցանիշը’ կազմելով 51 մլն դոլար: Գերմանիայի ներդրումները կազմել են 48 մլն դոլար, որը 2 անգամ ավելի է 2011-ի համեմատ, իսկ Շվեցարիայից գրանցված ներդրումները’ 43 մլն դոլար, որը 5.5 անգամ ավելի է 2011 թվականի համեմատությամբ:

2011թ. հունվար-դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 816.3 մլն դոլար, որը 2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 16.2%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 631.4 մլն. դոլար և աճել’ 30.7%-ով:

Հայաստանի ներդրումային և առևտրի քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների գնահատվում են ԱՊՀ երկրներում ամենաբացը: Օտարերկրյա ընկերությունները խրախուսվում են ներդրումներ կատարել և ունեն որոշ առավելություններ: Օտարերկրյա ներդրումների մասին օրենքն ընդունվել է 1994 թվականի հուլիսին, որով կանոնակարգվում են Հայաստանում օտարերկրյա ներդրումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում