Ծառայություն ըստ վիճակահանության

Հաջորդ տարվանից նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությա ն Ժնեւի կենտրոնի աջակցությամբ հունիսի 28-ին կազմակերպված «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Լսումների մասնակիցներին ողջունել եւ արդյունավետ համագործակցություն է մաղթել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Կարեւորելով մեր երկրի որդեգրած թափանցիկ գործելաոճը՝ տիկին Նաղդալյանը նկատել է, որ այն հնարավորություն է տալիս արձանագրելու եւ ձեռքբերումները, եւ բացթողումներն ու թերությունները: ԱԺ փոխնախագահը նշել է, որ արդեն իսկ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք նպատակ ունեն բարելավելու ոլորտը: Ըստ նրա՝ խորհրդարանը պատրաստակամ է անել առավելագույնը՝ ապահովելու ոլորտի թափանցիկությունը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ լսումների նպատակն է համակողմանի քննարկումների միջոցով նպաստել պաշտպանության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, քննարկել ոլորտում թափանցիկության վիճակը, առկա մարտահրավերները եւ ներկայացնել առաջարկներ՝ արդյունավետ դարձնելու պաշտպանության համակարգը: Նա նշել է, որ հանձնաժողովն իրականացնում է նախաձեռնողական քաղաքականություն. այսուհետ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանձնաժողովին կն երկայացնի առկա խնդիրներին ու կատարվող աշխատանքներին վերաբերող տեղեկություններ: Հանձնաժողովի նախագահը նկատել է, որ ոլորտում, մասնավորապես գնումների գործընթացում, վերջին տարիներին նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր: Ըստ նրա՝ դեռեւս անելիքներ կան ռազմական բյուջեի խորհրդարանական վերահսկողության հարցում:

ԶՈՒ խնդիրներին, ոլորտի թափանցիկությանն ու հաշվետվողականության հարցերին է անդրադարձել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նկատել է, որ արդեն շարունակական դարձած խորհրդարանական լսումներն ու տարաբնույթ քննարկումները մեծացնում են բանակ-հասարակություն կապը, նպաստում ոլորտում առկա խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը: Նրա խոսքով՝ ոլորտի բարելավմանն ու կառավարման թափանցիկության մեծացմանը կնպաստի նաեւ հրավիրված միջազգային փորձագետների լավագույն փորձը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, դրական գնահատելով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի հետ համագործակցությունը, նկատել է, որ դեռեւս անելիքներ կան պետական գնումների գործընթացներում, բանակում բարեվարքության սերմանման եւ ամրապնդման գործում:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, կարեւորելով ոլորտին վերաբերող նման քննարկումները, անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տվյալներին եւ ռազմական կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին, որոնք, ըստ նրա՝ գոհացուցիչ չեն: Նա մտահոգիչ է համարել զինված ուժերում քրեական գործերի քննության գործընթացը, արձանագրված խախտումների շարունակականությունը:

Զեկուցողները պատասխանել են մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են զինված ուժերում գնումների թափանցիկությանը, զինակոչին, ոլորտում արձանագրված չարաշահումներին, խաղաղ իրավիճակում զինվորների մահվան դեպքերին, հարուցված քրեական գործերի ընթացքին ու մեղավորների պատասխանատվությանը, կոռուպցիայի դեպքերին, բանակի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

Անդրադառնալով հարցերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ իրականացվում են աշխատանքներ, որոնք նպատակ ունեն վերացնելու ոլորտում առկա խնդիրներն ու ամրապնդելու հասարակության վստահությունը բանակի հանդեպ: Դրանցից է, օրինակ, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության ձեւի փոփոխությունը: Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Ըստ նրա՝ խստացվել է բժշկական հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը, որի արդյունքում բացահայտվել են կեղծ տեղեկանքնե? ?:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը վստահություն է հայտնել, որ եռակողմ՝ խորհրդարան-պաշտպանության նախարարություն-հանրություն համագործակցությունը բարերար ազդեցություն կունենա ոլորտի վրա, եւ հավաստիացրել է, որ հանձնաժողովը կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտողությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում