Ռուսաստանի հետ համագործակցությամբ Հայաստանը մոտ ապագայում կհամալրի ռազմաօդային ուժերը
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի համալրման նպատակով արդեն Ռուսաստանի Դաշնության հետ միջպետական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Միշտ էլ ռազմաօդային ուժերը կատարելագործման կարիք ունեն: Մոտ ապագայում մենք նույնպես իրականացնելու ենք մեր ռազմաօդային ուժերի համալրում: Դա իրականացվելու է մեր ռազմավարական գործնկեր ու բ արեկամ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը՝ հավելելով, որ օրերս ՌԴ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նոր պլան ստորագրելով’ փոխգործակցությունը միջկառավարականից փոխադրվեց միջպետական մակարդակ:
Օհանյանը խոսեց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական նշանակության ձեռնարկությունների ստեղծման ու համագործակցության զարգացման լավ հնարավորություների մասին: «Համագործակցության այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս, որ մեր երկու երկրների հիմնարկ- ձեռարկություններն անմիջական գործարքների մեջ մտնեն, պայմանագրեր կնքեն եւ նաեւ զարգացնեն այն խնդիրները, որոնք ռազմական արդյունաբերության համակարգի հիմքում են»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:
Օհանյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ցանկացած նոր սպառազինության ձեռքբերման մտահոգիչ լինելու փաստին: «Գաղտնիք չէ, որ մենք պարտադրված ենք Ադրբեջանի կողմից հայտարարված սպառազինությունների մրցավազքի մեջ լինել, բայց ոչ քանակական առումով, այլ որակական եւ ավելի գերճշգրիտ, ավելի հեռահար միջոցների ձեռքբերման ուղղությամբ»,- ասաց Օհանյանը: Պաշտպանության նախարարը նշեց, որ ՀՀ եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է ու Հայաստանը կարողանում է որակական առումով հավասարակշռություն պահպանել Ադրբեջանի հետ:
Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից պարտադրված սպառազինությունների մրցավազքում շեշտը դնում է որակական հատկանիշների վրա: Վերջերս լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում