Վարշավա այցով Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց Մոսկվային

«Ժամանակ» թերթը զրուցել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտի հետ։ Հատված հարցազրույցից.

-Հայաստանը, որը կանգնած է Ասոցացման համաձայնագրի ստորագրման շեմին, նաեւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եւ Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի ավելի անկախանալու փորձերին։ Ռուսաստանն անուղղակիոեն որոշակի ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա։ Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել այդ ճնշումները եւ ինչպե՞ս պետք է դա անի։

Սա բավական բարդ հարց է, որովհետեւ գաղտնիք չէ, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից անվտանգության, տնտեսության առումով, այնպես որ՝ Ռուսաստանը որոշակի ճնշման լծակներ ունի Հայաստանի վրա։ Բայց ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ Ռուսաստանն այդքան էլ լուրջ չի վերաբերվել ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, եւ չեմ կարծում, թե դա Ռուսաստանի համար որոշակի սպառնալիք է իր ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ, բայց ներկայումս միգուցե ինչ-որ բաներ փոխվել են, եւ կա մեկ այլ ծրագիր, որը փորձում է Ռուասաստանը շարունակել։ Դա Մաքսային միությունն է, Եվրասիական միությունը, եւ ամենահետաքրիրն այն է, թե Հայաստանը կանդամակցի՞ այդ միություններին, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանի կարծիքով, փաստորեն, այդ ծրագրերը հնարավոր է համատեղել, թեեւ շատերը պնդում են, որ դա անհնար է:

-Լեհաստանում երկրիի նախագահի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանն ասել էր, թե Հայաստանը շարունակելու է իր քաղաքականությունը «եւ-եւ»-ի սկզբունքով տանել առաջ: Հետաքրքրական է այն, որ նա ընդգծել էր՝ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերային հարաբերությունների մասին: Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը՝ Լեհաստանում խոսելով Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների մասին:

Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի այս այցը Վարշավա պատահական չէր: Նա ցանկանում էր ինչ-որ մեսիջ փոխանցել Մոսկվային, թեեւ դա կարող է բավականին տարօրինակ հնչել: Ինձ թվում է, որ նա ցանկանում է շարունակել այն քաղաքականությունը, որը Հայաստանի քաղաքական գործիչները շարունակում են ավելի քան 20 տարի։ Խոսքը կոմպլեմենտար քաղաքականության մասին է, այսինքն՝ ունենալ լավ հարաբերություններ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի հետ: Բայց, իհարկե, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն այդ սկզբունքով շարունակել հնարավոր չէ: Այս դեպքում բարդ կլինի, որովհետեւ այստեղ կան շատ տարբեր տեխնիկական բարդություններ եւ այն, ինչ առաջարկում է ԵՄ-ն շատ հստակ եւ կոնկրետ երկրի բարեփոխումներ են։ Այստեղ կարծում եմ որ կոմպլեմենտարությունը կշարունակվի, բայց այնուամենայնիվ տնտեսական երկկողմանի ինտեգրացիոն գործընթացներն անհնար են…»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում