Ս. Օհանյան. «Մենք փորձում ենք միջազգային կառույցների միջոցով կապ հաստատել Ադրբեջանի հետ»
Նմանատիպ
Անհետ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմի զոհված և անհետ կորած ազատամարտիկներին նվիրված հուշաքարի մոտ: Հուշաքարի մոտ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազանի մատուցմամբ աղոթքի ծիսակատարություն մատուցվեց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը տարին երկու անգամ նիստեր է անցկացնում և համապատասխան աշխատանքներ է իրականացնում:
«Օպերատիվ հետախուզական աշխատանքները անհետ կորածների գտնելու ուղղությամբ շարունակվում են, բայց արդյունքներն այնքան էլ արդյունավետ չեն: Մենք փորձում ենք միջազգային կառույցների միջոցով կապ հաստատել Ադրբեջանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նշեց Օհանյանը’ հավելելով, որ ուղիղ կապի բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք տեղեկություններ ստանալ:
Նախարարը նաև կարևորեց հանձնաժողովի, պետական կառույցների, զորամասերի հրամանատարների դերը անհետ կորածների հարազատների, ընտանիքների նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերելու հարցում:
«Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Ավետիքյանի տեղեկացմամբ’ Հայաստանն ունի 400-ից ավելի անհետ կորածներ:
«Արդեն 90 հոգի գտնվել են: Այդ ուղղությամբ աշխատանքները շանունակվում են: Խնդիրն այն է, որ հակառակորդի պետական կառույցների կողմից համագործակցության ոչ մի նշույլ չկա»,- ասաց նա:
«Եռաբլուր» պանթեոն էին այցելել նաեւ ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհուրդը, Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, Արցախյան պատերազմի վետերանները եւ ՀԿ-ների ներկայացուցիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում