Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Times.am: Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
ԱԳ նախարար Մնացականյանն իր համերաշխությունն ու զորակցությունը հայտնեց իր գործընկերոջը՝ ԱՄՆ կառավարության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:
Անդրադարձ կատարվեց ցամաքային և օդային փոխադրումների սահմանափակումներով պայմանավորված մարդկանց տեղաշարժման խնդիրներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների առջև տեղում ծառացած մի շարք խնդիրներին՝ դրանց հասցեագրման հարցում կարևորելով նաև ամերիկյան կողմի աջակցությունը:
Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպի հետևանքով առաջացած իրավիճակը:
Հեռախոսազրույցի ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն ակտիվ քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի պահպանման ու ընդլայնման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում