Արմեն Գեւորգյանը ծանոթացել է Արարատի մարզի ոռոգման աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ոռոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 29-ին այցելել է Արարատի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին ՏԿՆ հասարակայննությա հետ կապերի բաժնից, մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելել է «Ավշար» եւ «Ավշար –Այգեւան» պոմպակայաններ, ծանոթացել կառույցների վիճակին եւ հզորություններին: Փոխվարչապետին զեկուցվել է, որ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան»-ի ծրագրով 2011թ. վերականգնված պոմպակայանների տեխնիկական վիճակը բավարար է, գործում են ողջ հզորությամբ’ ապահովելով շրջակա համայնքների ոռոգումը:

Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն է անցկացրել «Արարատ» ՋՕԸ-ում’ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների, մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են մարզում ոռոգման շրջանի ընթացքին վերաբերող հարցեր: ՋՕԸ ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը’ տեղեկացնելով, որ իրենց սպասարկման տարածքում այս տարի լուրջ խնդիրներ չեն առաջացել եւ հաջողվում է բավարարել պահանջարկը:

Փոխվարչապետը կարեւորել է ՋՕԸ-երի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, որը պետք է ուղղված լինի ինչպես գյուղացիական տնտեսություններին ժամանակին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելուն, այնպես էլ մատակարարված ջրի հաշվառմանը, ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրմանը: Գեւորգյանն ընդգծել է բոլոր գանձումները բացառապես ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով’ ոռգման համակարգի անխափան գործունեությունը կախված է նաեւ ՋՕԸ-երի բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքից:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորել է ՋՕԸ-ի կառավարման խորհուրդների’ հանրության համար բաց գործելաոճը’ նշելով, որ ջրօգտագործողներին հուզող բոլոր հարցերը պետք է քննարկվեն կառավարման խորհրդում եւ համապատասխան լուծումներ ու պարզաբանումներ ստանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում