Ինչ է թե գրանցված աշխատող չեմ՝ զրկվել ենք ամեն ինչից ու 2 երեխաների հետ դրսում հայտնվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Հիմա երկու երեխաներիս հետ լուրջ սոցիալական խնդիրներ ունենք, բայց ում զանգում ենք, չեն պատասխանում: Մարդիկ կա´մ անտեսում են, կա´մ ասում, որ մեր ընտանիքին աջակցելու ծրագիր չունեն: Ես ոչ մի ծրագրի մեջ ներառվել չեմ ուզում, ինձ թեկուզ պարտքով գումար տային, ես կկարողանայի այս վիճակից դուրս գալ, աշխատել ու գումարը վերադարձնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Աստղիկ Եղիազարյանը, ով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված սոցիալական խնդիրների առաջ է կանգնել:
«Ես տասներեք տարեկանից աշխատել եմ, միշտ էլ կարողացել եմ օրավարձով աշխատել ու երկու երեխաներիս պահել: Հիմա, ինչ է թե գրանցված աշխատող չեմ՝ զրկվել ենք ամեն ինչից, ու դրսում ենք հայտնվել: Որտեղ զանգում ենք, ինչ-որ անհասկանալի պատասխաններ են տալիս, թե ոսպ ու բրինձ կտանք, բայց ես մեկուկես օր բակում եմ մնացել»,- ասաց նա:
Քաղաքացին ներկայացրեց, որ իր երկու երեխաների հետ ապրել է ծանոթներից մեկի տանը, քանի որ նրանք Հայաստանում չեն եղել, բայց վերադարձել են ու ցանկանում են տունը վարձով տալ: «110,100 դրամ տան վարձ են ուզում, բայց ես 100 դրամ չունեմ, որ հաց առնեմ: Ես փետրվարին Սոցապ նախարարություն էի դիմել, որպեսզի նպաստ ստանամ, բայց հիմա ասում են, որ նպաստը ապրիլի 20-ից հետո կլինի ու մոտ 30,000 դրամ»:
Նա նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է օթևան տալ իրենց «Վետերան օթևան» շենքում, սակայն ըստ նրա՝ շենքում անմարդկային պայմաններ էին և երեխաներին այնտեղ պահելը՝ շատ վտանգավոր: «Ուրախ-ուրախ գնացի՝ մտածելով, որ ժամանակավոր կապրենք, մինչև այս վիճակից դուրս գանք, բայց գնացի ու տեսա, որ ո՛չ դուռ կար սենյակներին, ո՛չ պայմաններ: Բացի հիվանդ ծերերից, այնտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ կային, որոնք կարող էին երեխաներիս վնասել»:
«Եթե Զարուհի Բաթոյանը կկարողանա իր երեխաներին այնտեղ պահել, ապա երդվում եմ՝ իմ երեխաներին կտանեմ ու նրանց կողքին կպահեմ: Ասում են՝ սա ունենք, ուրիշ հնարավորություն չունենք: Ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ, սրտիս երեք փականները չեն գործում ու ինձ նման պայմաններ են առաջարկում: Առաջարկում են, որ երեխաներս խաղան այնտեղ, որտեղ տարեց մարդկանց դիակներ են օրերով մնացել»,– ներկայացրեց նա:
Քաղաքացին պատմեց, որ կրկին հետ է եկել նախկին տուն, բայց տան տերը ժամանակ է տվել, որպեսզի դուրս գան, և վաղը այդ ժամանակը լրանում է: Նա նշեց, որ իրեն առաջարկել են երեխաներին մանկատուն տանել, մինչև արտակարգ իրավիճակը վերջանա, սակայն նա դրան համաձայն չէ, և երեխաներին երբեք չի թողնի:
«Ես ուղղակի խնդրում եմ, որ թեկուզ փոքր գումարով օգնեն, մինչև այս ամիսը վերջանա: Այս ի՞նչ եք անում մարդկանց հետ, որ այս իրավիճակին ենք հասել: Ես մուրացիկ չեմ, բայց այսօր երեխաներս մեկ հացի կարիք ունեն: Ես միշտ աշխատել եմ, բայց հիմա նման վերաբերմունք ստանալն իսկապես մարդկային չէ: Բոլորն անտեսում են»,- շեշտեց քաղաքացին:
Հեղինակ` Լիանա Թորոսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում