Աթենքում Մահացել է Ռազմիկ Մուրադյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Times.am: Այսօր վաղ առավոտյան, Հունաստանում, 79 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց մեծ հայրենասեր, մեր սիրելի ընկեր՝ Ռազմիկ Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում է Աթենքի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը:
«Ծագումով Արևմտյան Հայաստանի Շատախից Ռազմիկը Արցախյան ազատամարտի թեժ տարիներին, 1988-1993 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, նվիրվեց ազատագրական նորակազմ ջոկատների ու այնուհետ ՀՀ Բանակի թիկունքն ապահովելու գործին։
Նրա երկրորդ ապահով տունը Աշտարակում ռազմական կատարյալ կենտրոն էր, ձեռնաշեն զենքեր նախագծելու վայր, որտեղ սպարապետ Վազգեն Սարգսյանն ու այլ կազմակերպիչներ ունենում էին հանդիպումներ։
Նուրբ զգացումների տեր Ռազմիկը իր կյանքի օրինակով ապացուցում էր, որ արվեստի` գեղանկարչությամբ զբաղվող, մարդը օրհասական պահերին ինչպես կարող է վերածվել հայրենիքին ծառայող նվիրյալի։
Իր ընկերներին և հարազատներին տեսնելու համար Ռազմիկ Մուրադյանը հաճախ էր այցելում Հունաստան և օրերը հաշվում «էրկիր» վերադառնալու համար։
Սակայն, ցավոք այս անգամ, կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի պատճառով, հայրենիք իր վերադարձը ուշացավ։
Ռազմիկ Մուրադյանի մահվան տխուր առիթով մեր սրտագին ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի այրուն՝ Մանիկ Ազիզյանին, որդիներին՝ Արամին և Արմենին ու նաև հարազատներին և պայքարի ընկերներին:
«Հայաստան» Հասարակական մշակութային Կենտրոն
Աթենք, 14 ապրիլի 2020թ.
«Հայաստան» Լրատվական ցանց, Աթենք»,-նշված է տարածած հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում