Լեզգիները բազմամարդ բողոքի ակցիա են արել Մոսկվայում` ուղղված Ադրբեջանի կառավարության դեմ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում տեղի է ունեցել լեզգիների բազմամարդ բողոքի ակցիա’ ընդդեմ Դերբենտ քաղաքի ադրբեջանականացման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է analitika.ru-ն:

Ցույցի ժամանակ ելույթով հանդես է եկել Ազգային-մշակութային լեզգիական դաշնային ինքնավարության ղեկավար Արիֆ Քերիմովը, ով հայտարարել է, որ իրենց բողոքի ակցիայի պատճառը ոչ միայն Դերբենտում Սովետսկայա փողոցի վերանվանումն է Հեյդար Ալիևի անունով, այլև լեզգիական երկու գյուղերի, Սամուր գետի ջրերի, ինչպես նաև 2.5 հազար հեկտար լեզգիական հողերի հանձնումն Ադրբեջանին: Ցույցի մասնակիցները նշել են, որ տարածքների հանձնման հետ միաժամանակ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանում լեզգիները, ինչպես նաև ռուտուլները, ավարները, ուդինները չունեն որև է կարգավիճակ: Նրանք հանդես են եկել այնպիսի կոչերով, ինչպիսիք են’ «Դերբենտը Ռուսաստանի հարավային ֆորպոստ», «Ձեռքերը հեռու Դերբենտից», «Հայրենիքը չի վաճառվում»:

«Կովկաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էնվեր Քիսրիևը դժգոհությամբ հայտնել է, որ հաճախ ընդունվում են որոշումներ, որոնցից տուժում են տեղացիները: Նա պատմել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին, որով ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք շրջաններն անցան Ադրբեջանի հսկողության տակ: Քիսրիևը ցավով արձանագրում է, որ համաձայնագիրը կնքվել է գաղտնի’ առանց Դաղստանի բնակչության շահերը հաշվի առնելու:

«Թալիշստանի վերածննդի համար» շարժման ղեկավար Ֆահրադդին Աբոսզոդան մեղադրել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին թալիշների և լեզգիների դեմ ցեղասպանություն իրականացնելու համար: Նա անընդունելի է համարել Ալիևի անունով փողոցը վերանվանելու մասին ռուսական իշխանությունների որոշումը:

Բողոքի ցույցի ավարտին հրապարակվել է եզրափակիչ ակտը, որտեղ կոչ է արվել չեղյալ համարել ընդունված որոշումը, ինչպես նաև վերանայել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված սահմանային համաձայնագիրը:

Ակցիայի մասնակիցները համաձայնության են եկել հաջորդ անգամ հանդիպել 2013 թվականի սեպտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում