«Ես զզվում եմ ձեզնից, ատում եմ» Վարդան Ղուկասյան

«Ժամանակի» զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

-Մամուլը բազմիցս անդրադարձավ Ձեզ պատասխանատվության ենթարկելուն, Ձեր չարաշահումներին. ի՞նչ կասեք:

Ես, որպես քաղաքապետ, որեւէ չարաշահում չեմ ունեցել, չարաշահումներ պետք է փնտրել գործեր տվողների մեջ, այդ ամեն ինչը սարքողների մեջ: Ես 13 տարի աշխատել եմ՝ իմ ամեն ինչը նվիրելով իմ քաղաքին, իմ երկրին, եւ եթե որեւիցե մեկը իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է:

-Ձեզնից հետո ինչպե՞ս եք գնահատում քաղաքում իրավիճակը, ի՞նչ է փոխվել:

Պետք է ժողովուրդը ընտրի իր ընտրյալին, ես հստակ ասում եմ՝ ժողովուրդը չի ընտրել, թող ընտրություն լիներ, ժողովուրդն ընտրեր իր ընտրյալին: Ժողովուրդը իրեն չի ընտրել: Վարդան Մամիկոնյանը Սահակ Պարթեւի գլխավորությամբ ասում է՝ Ձայն բազմաց, ձայն Աստծո: Բազմության ձայնն Աստծո ձայնն է, եւ ով իրոք ընտրվում է ժողովրդի կողմից, նա ընտրվում է Աստծո կողմից, իսկ ով գողանում է ժողովրդի ձայները, նա սատանայի կողմից է ընտրվում եւ սատանայի անեծքին արժանի պետք է լինի այս աշխարհում եւ հանդերձյալ կյանքում:

-Պարոն Ղուկասյան, բայց չէ՞ որ մենք գիտենք, թե ինչպես են տարիներ շարունակ անցել ընտրությունները Գյումրիում նաեւ Ձեր քաղաքապետ եղած ժամանակ, ինչպես եք իշխանություններին աջակցել:

Ոչ, 13 տարի շարունակ Գյումրիում ընտրությունները եղել են մաքուր, թափանցիկ եւ բարեկարգ՝ ո՛չ փողով, ո՛չ էլ կաշառքով:

-13 տարի քաղաքապետ էիք, բայց չէ՞ որ Դուք էլ չկարողացաք երկրաշարժի հետեւանքները վերացնել այդքան տարի:

Ո՞վ ասաց, թե չեմ վերացրել երկրաշարժի հետքերը, այդ տները իմ արյունով են կառուցված եւ իմ գործընկերների… ես առաջին կարգի հաշմանդամ դարձա, իմ հորեղբոր տղան մահացավ. ամբողջը դրա հետեւանքներն են, աղջիկ ջան, դու ինձ մի խառնի մնացածների հետ, մնացածը սատանայական են:

-Երկու ընտանիքների դարավոր թշնամությունը, որի արտահայտությունը տեսանք փետրվար ամսին, հարթվե՞լ է:

Մենք ոչ մեկի թշնամի չենք: Մենք իրար ընկերներ ենք ու ախպերներ, ի՞նչ կլաններ, ամբողջ ազգին սուտ լուրեր եք տալիս, հետո սարքում կլաններ: Հանգիստ ապրեք, մենք բարեկամներ ենք, մենք իրար թշնամիներ չենք, մենք իրար բալա չենք սպանել: Դուք եք անում, որ այդպիսի բաներ են լինում, քո տերերը:

-Այսինքն՝ Դուք մամուլի նկատմամբ ունեք թշնամա՞նք, իրար հետ կռվում եք, հետո մեղադրում մամուլի՞ն:

Ես զզվում եմ ձեզնից, ատում եմ: Վայրենի, երկիր քանդող մի մամուլ եք, դուք եք, դուք, ամբողջ քանդողը դուք եք: Դուք սպանեցիք Ազգային ժողովը: Ես նմանատիպ մամուլ չեմ ուզում տեսնել: Դուք եք մեր երկրի քանդողը, որովհետեւ պատվեր եք կատարում:

-Ստացվում է՝ իշխանությունները երկիրը թալանում են, Դուք էլ 13 տարի իշխանության մեջ էիք, թալանում եք, իսկ մեղավորները լրագրողնե՞րն են, որ բարձրաձայնում են:

Ես հայի զավակ եմ եւ ցավում եմ, որ իմ երկիրը դատարկվում է: Լսի՛ր, ինձ պաշտոն պետք չէ, դուք սարքեցիք իմ գլխին, ձեր տերերը արեցին այս ամենը, ես վախ չունեմ, ես միայն Աստծուց եմ վախենում, եւ դուք եք քանդել հայոց երկիրը, բայց հայոց երկրի տերը բարձրյալ Աստված է՝ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ:

-Ամբողջ աշխարհում չորրորդ իշխանությունը այդքան գնահատված է, մինչդեռ Դուք չեք կարեւորում դրա նշանակությունը քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Ինչ արեց՝ չորրորդ իշխանությունը արեց, էդ թափանցիկությունը, էդ անկախությունը, դրա համար զզվում եմ ձեզնից, որովհետեւ սուտ եք: Ես իմ աշխատած ժամանակ ձեր կողմից մեկ անգամ չտեսա, որ ճշմարտությունը ներկայացնեք՝ բացի վատաբանելուց, լավն էլ վատաբանությամբ էիք ներկայացնում: Ես ձեզ ատում եմ, զզվում ձեզնից, ես ձեզ չեմ հարգում, ամբողջ հսկայական լրատվական կառույցն ատում եմ…»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում