Ներկայացվեց Թոմաս դը Վաալի գրքի նոր տարբերակը
Նմանատիպ
Երեւանում հուլիսի 2-ին ներկայացվեց Թոմաս դը Վաալի «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով» գրքի (2003) վերախմբագրված տարբերակով հրատարակությունը: Գրքի հեղինակ, «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը նշեց, որ նախորդ խմբագրության համեմատ շատ բան չի փոխվել: «Այս գրքում իմ գլխավոր խնդիրներից մեկն է չոր եւ ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացնել ղարաբաղյան հակամարտության պատմությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դը Վաալը: Գրքի հեղինակն ասաց, որ նոր տարբերակում ավելացվել են 3 նոր գլուխներ, քարտեզներ, լուսանկարներ: Դը Վաալի համոզմամբ՝ իր գիրքն օգնում է ղարաբաղյան հակամարտությունն ավելի լավ հասկանալ:
«Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալն աշխատության նախաբանում գրել է. «Այս տասնամյակի ընթացքում շատ բան է փոխվել, բայց անցած տասնինը տարվա միջով անցնող «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» կարգախոսը նույնն է մնում: Սեւ հումոր է, բայց մարդկանց ասում էի, որ գրքի վերախմբագրված տարբերակի վերնագիրն է «Ավելի սեւ այգի»:
«Սեւ այգի»-ն հետազոտություն է՝ կառուցված ԼՂ հիմնահարցի ուսումնասիրման 8-ամյա աշխատանքի, տարածաշրջանում, Մոսկվայում ու Վաշինգտոնում անցկացված ավելի քան 120 հարցազրույցի, բացառիկ աղբյուրների՝ ինչպես օրինակ քաղբյուրոյի պահոցների նյութերի հիման վրա: Թարգմանվելով հայերեն, ռուսերեն ու ադրբեջաներեն՝ գիրքը հակասական արձագանքներ է առաջացրել Հայաստանում ու Ադրբեջանում՝ առիթ դառնալով բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում