Վճռաբեկ դատարանը նշում է իր կազմավորման 15-ամյակը

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հուլիսի 2-ին մեկնարկել են Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունից, միջոցառումներին մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատվիրակությունը՝ նախագահ Դին Շպիլմանի գլխավորությամբ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արցախի Հանր? ?պետության գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, Վճռաբեկ դատարանի դատավորները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը բարձր է գնահատել և հատուկ շնորհակալություն հայտնել Եվրադատարանի պատվիրակությանը’ Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար:

Այնուհետև հաջորդել է քննարկում՝ Եվրդատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի մասնագիտացված պալատների նախագահների միջև: Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետություն այցն իր առաջին պաշտոնական այցերից մեկն է, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նշում է կազմավորման 15-ամյակը:

Իր խոսքում Դին Շպիլմանը նշել է նաև, որ Եվրադատարանը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մինչ օրս կայացրել է շուրջ 50 որոշում, ինչը մյուս երկրների համեմատ բավականին դրական ցուցանիշ է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը զարմանք է հայտնել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում առկա այն նորմի կապակցությամբ, ըստ որի դատավորների նկատմամբ հնարավոր է կիրառել կարգապահական պատասխանատվություն՝ Եվրադատարանի վճիռների կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում