Ռուսական քաղաքականության «մեդալի երկու կողմերը»

Ռուսական հարձակողական զինատեսակների վերջին խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին վերլուծական և քաղաքական շրջանակներում որոշակիորեն ակտիվացրել է քննարկումն առ այն, թե արդյո՞ք այս ամենից հետո ՌԴ-ն կարող է համարվել Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Մինչդեռ, խնդիրը շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից: Նախ, ՌԴ-ին քննադատող վերլուծաբանների մի զգալի հատվածը ոչ միայն չեն տիրապետում տարածաշրջանում ռուսական իմպերիալիստական քաղաքականության պատմությանն ու ներկա ընթացքին, այլև’արևմտյան դրամաշնորհներով հստակ պատվեր են կատարում ընդդեմ ռուսների’ դրանով իսկ կտրվելով խնդրի անաչառ քննության սկզբունքներից:
Պետք է նշել, որ վերջին զարգացումները հասկանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել պատմությանը և փորձել ընկալել ռուսական քաղաքականության բովանդակությունը: Մոտ 200 տարի է ռուսները, ժամանակ առ ժամանակ «թյունինգի» ենթարկելով իրենց քաղաքականությունը, իրականացնում են այն նույն ռազմավարությունը, ինչի հիմքերը դրվել են ռուս ցարերի կառավարչական ապարատի կողմից 18-րդ դարի վերջերին: Պետք է հասկանալ, որ Կրեմլը տարածաշրջանը դիտարկում է իր կենսական շահերի համատեքստում և երբեք նախապատվություն չի տա այս կամ այն ազգ-պետությանը: Սա ճշմարտություն է, որի հիմքում ընկած է ռուսական պետականության շահը, մնացածը’ հուզականության դաշտից են:

Ներկայիս ռուսական հասարակական-քաղաքական միտքը կարծում է, որ հարավկովկասյան երեք հանրապետություններն այսօր կան միայն ու միայն նրա շնորհիվ, որ Ցարական Ռուսաստանը ժամանակին հնարավորություն է տվել հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին(թաթարներին) ազգ-պետություններ հիմնել, որոնք ցայսօր էլ պետք է պտտվեն ռուսական պետականության առանցքի շուրջ: Վրացիների սաակաշվիլիական «ճանապարհից փոքրիկ շեղումը», կարելի է ենթադրել, որ երկար չի տևելու: Պատմությունը սիրում է կրկնվել, և ինչպես 1921 թվականին, այնպես էլ մեր օրերում ռուսները վերադառնալու են Վրաստան (կասկածից վեր է, որ վրացիները ցանկանալու են տեսնել ռուսների վերադարձը, կյանքը նրանց ստիպելու է):

Ինչպես 200 տարի առաջ, այնպես էլ հիմա ՌԴ-ն առաջնորդվում է իմպերիալիստական մոտեցումներով, և կապ չունի, թե Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, թե ոչ: Կրեմլի որոշում ընդունողները հարցին չեն մոտենում այդ տրամաբանությամբ: Ադրբեջանն ու Վրաստանը ՌԴ-ին պետք են ճիշտ այնքան, ինչքան որ Հայաստանը, ուստի և բովանդակային առումով ռուսները հարցին մոտենում են բոլորին բավարարելու տրամաբանությամբ: Մյուս կողմից էլ Կրեմլը խաղում է բոլորի հետ’ փորձելով կախվածություն ստեղծել և դրանով երաշխավորել իր դիրքերը տարածաշրջանում: Ըստ էության, ռուսները պատրաստ չեն կողմնորոշվելու և թույլ տալու Ադրբեջանին դուրս գալ իր ուղեծրից, ուստի և պարիտետ են ապահովում երկու հակամարտող երկրների’ Հայաստանի ու Ադրբեջանի համար:

Անրդադառնանք զենքի մատակարարման փիլիսոփայության ու գործընթացի իրականացման մեխանիզմներին: Հայաստանն ունի ռուսական ռազմաբազայի կարիքը, քանզի Թուրքիայի հետ ունի չկարգավորված հարաբերություններ, իսկ թուրք-ադրբեջանական ռազմական վտանգին Հայաստանը կարող է դիամակայել միայն ու միայն ինչ-որ գերտերության աջակցությամբ: Ոչ եվրոպացիները, ոչ էլ ամերիկացիները ցանկություն չունեն երաշխավորել Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը Թուրքիայից: Իսկ ՌԴ-ն դա անում է: Փաստ է, որ Հայաստանում կանգնած ռուսական կայազորը ոչինչ չի կարող անել Արևելյան Անատոլիայում կանգնած թուրքական 4-րդ դաշտային բանակի դեմ, սակայն ռուսական կայազորը սահմանին պարզում է ՌԴ պետական դրոշը, և թուրքական հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակում ռուսական կայազորի և ռուսական պետական դրոշի վրա, ինչը ռուսներն անպատասխան չեն թողնի: Սա հասկանում են բոլորը, հատկապես’ թուրքերը:

Միևնույն ժամանակ, ռուսներն օգտվում են առիթից և Հայաստանի հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են’ հասկանալով, որ տվյալ դեպքում Հայաստանն այլընտրանք չունի: Մյուս կողմից, ՌԴ-ն բարձր մակարդակի հարաբերություններ է պահպանում Բաքվի հետ’ սպառնալով ուժեղացնել Հայաստանին, եթե ադրբեջանցիները որոշեն դուրս գալ ռուսական շահերի ուղեծրից: Ինչ վերաբերվում է զինատեսակների մատակարարմանը, ապա գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՌԴ-ն աննախադեպ քանակի և սիմվոլիկ վճարումների դիմաց զենք-զինամթերք է մատակարարել Հայաստանին(պաշտոնյաներն, իհարկե, դա կհերքեն)’ երկիրը վերածելով բառի բուն իմաստով վառոդի հսկայական տակառի: Սա, իր հերթին, աննկատ մնալ չէր կարող, և Ադրբեջանը պետք է ապահովեր հավասարակշռությունը, բայց ոչ թե սիմվոլիկ գներով, այլ’ միլիարդներով:

ՌԴ-ն Հայաստանին զենք-զինամթերք է մատակարարել գոյություն չունեցող պետության’ ԽՍՀՄ պահեստներից, իսկ Ադրբեջանին’ վաճառել է և փող աշխատել: Մինչև ատամները զինելով երկու կողմերին’ ռուսները պահպանում են տարածաշրջանում «առաջին ջութակի» դերակատարությունը և էլ ավելի մեծ կախվածություն ստեղծում Կրեմլից: Ի դեպ, Հայաստանին մատակարարված T-72 տանկերը, որոնք մոդերնիզացվում են լեհ մասնագետների միջոցով, մարտական հնարավորություններով չեն զիջում Ադրբեջանին մատակարարված T-90С տանկերին: Այս մասին շատ լավ գիտեն Կրեմլում, Երևանում և Բաքվում: Խնիրը պարիտետի ապահովումն է և ռուսական իմպերիալիզմի տրամաբանությունը: Ամերիկացիները, եվրոպացիները, համաշխարհային խաղին հայտ ներկայացրած չինացիները, ինչպես նաև ռուսները իմպերիալիստներ են, որոնք շահեր ունեն նաև մեր տարածաշրջանում, ուստի պետք է արտաքին քաղաքականությունն ու անվտանգության դոկտրինալ մոտեցումները կառուցել առավելագույնս խելացի և հաշվարկված եղանակով’ բացառելով հուզականությունն ու այս կամ այն իմպերիային մինչև հոգու խորքը նվիրվելը:

Շարունակելի…

Երվանդ ԹԵՎԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում