Պետք է արհեստական քաղաքական ճգնաժամ ստեղծել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել. Քաղաքագետ

Պետք է արհեստական քաղաքական ճգնաժամ ստեղծել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել. Քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Aysor.amՔաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, թե քաղաքական ուժերը կմիավորվեն և կփոխեն Նիկոլ Փաշինյանին մեկ ուրիշով, բայց այս հարցի շուրջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կոչին դրական է վերաբերվում։

«Ամենահեշտ տարբերակն այս պահի դրությամբ այն է, որ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր քաղաքական ուժերն ամբողջությամբ, բոլորով վայր դնեն մադատները և դրանով ստեղծեն արհեստական քաղաքական ճգնաժամ, և երկրում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այլ տարբերակ չկա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը չի թաքցնում, որ իր համար շատ շուտ է բացահայտել Նիկոլ Փաշինյանին, թե իրականում ով է և ինչի համար է եկել իշխանության։

«Հասարակությունն իր համար կամաց-կամաց է բացահայտում, թե ով է Նիկոլ Փաշինյանը։ Ցավոք, հասարակության մի ստվար զանգված հավատում է, որ Փաշինյանը փոփոխություններ կբերի երկրում, դա ես համարում եմ ֆանտաստիկ։ Փաշինյանն այն անձը չէ, ով ցանկություն ունի որևէ փոփոխություն կատարել։ Իրեն շատ դուր է եկել Սերժ Սարգսյանի կարած սահմանադրությունը և հիմա ցանկանում է էլ ավելի ուժեղացնել իր դիրքերը սուպերվարչապետական Հայաստանում» , – ասաց Համբարյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով՝ եթե այս քաոսային իրավիճակը շարունակվի, քաղաքական ուժերը տեսնեն, որ այլ տարբերակ չկա, այդ դեպքում հնարավոր է, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում կարող են տեղի ունենալ գործընթացներ, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը զրկվի վարչապետի պաշտոնից.

«Բայց քանի որ «Քաղաքացիական պայմանագրի» 99 տոկոսին ինքն իր ուսերին է բերել իշխանության, շատերը հենց դրանով կաշկանդված են, որ մինչ Փաշինյանի թիմակից դառնալն առ ոչինչ էին»։

Պետք է արհեստական քաղաքական ճգնաժամ սկսի, կարծում է քաղաքագետը.

««Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» պետք է վայր դնեն մանդատները և մեխանիկորեն այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ ըստ Սահմանադրության, Ազգային ժողովի 30 տոկոս ընդդիմադիր քաղաքական ուժերը դուրս մնան ԱԺ-ից և տեղի ունենան արտահերթ ընտրություններ»։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, քաղաքագետն ասաց, թե խնդիրն այն է, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներն իրենց Նապոլեոն Բոնապարտ են զգում.

«Բոլոր ղեկավարները ցանկանում են, որ իրենք լինեն ապագա լիդերը, այն դեպքում, երբ ունենք շատ կոնկրետ խնդիր. Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի աթոռում լինելը։ Իսկ քանի դեռ մեր քաղաքական շատ ուժերն առաջնայինը դնում են իրենց էգոն, դրանից մեխանիկորեն օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին չեմ կարծում, որ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական բոլոր ուժերը միավորվեն մեկ բռունցքում և դուրս գան Փաշինյանի դեմ, քանի որ արտախորհրդարանական շատ ուժեր կան, որոնք կտրականապես դեմ են նախկինների վերադարձին։ Շատերն են մտածում, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետ, բայց նախկիններն էլ, որոնց ապաշնորհ քաղաքական ղեկավարման հետևանքով Փաշինյանի նման անձը դարձավ երկրի ղեկավար, տեղ պետք է չունենան ապագա ղեկավարման մեջ։ Խնդիրը հենց նրանում է որ Միքայել Մինասյանն ասոցացվում է նախկինների հետ։ Ես չեմ ասում նաև, թե Միքայել Մինասյանն ասել է, որ նախկինները պետք է վերադառնան», – ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ճգնաժամին, որի մասին իր գրառման մեջ ներկայացրել է Միքայել Մինասյանը, քաղաքագետն ասաց.

«Մենք ընդհանրապես գլոբալ ճգնաժամի մեջ ենք։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, նորմալ չէ։ Հասարակության տարբեր շերտերի միջև հարաբերությունները լարված են շնորհիվ իշխանությունների, ովքեր 2018 թվականից սկսեցին հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների։ Ունենք տնտեսական ճգնաժամ, որը պայմանավորված է կորոնավիրուսի ֆորսմաժորային իրավիճակի հետ, ունենք արտաքին քաղաքական ճգնաժամ, որի ամենավատ դրսևորումներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն է։

Իշխանության ներսում ևս ճգնաժամ ունենք, նույն Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասաց, թե այսուհետ ինչ ուզում են, թող խոսեն իր ընտանիքի և մերձակա շրջապատի մասին, ինքը չի էլ արձանագանքելու։ Ինքը լավ գիտի, թե ինչու չի արձագանքելու, որովհետև եթե սկսի հերքել, շատ լավ պատկերացում ունի, թե այս երկու տարվա մեջ ինչ կոմպրոմատային բազա կա իր դեմ, որոնք կարող են բացահայտ մղվել լրատվական դաշտ։ Դա էլ իրեն չի փրկի, բայց չարձագանքելու իր մեթոդն ընդամենը ժամանակ է շահում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում