Մխիթարյանը կպատժվի, եթե նրա տեղափոխությունն այլ ակումբ չկայանա. «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն
Նմանատիպ
Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի եւ դոնեցկյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ուկրաինական Footbal.ua կայքին տված հարցազրույցում Պալկինը նշել է, որ Մխիթարյանի հարցում փոփոխություններ առայժմ չկան: «Ես արդեն ասել եմ, որ «Դորտմունդի Բորուսիա»-ն 30 միլիոն եվրո է առաջարկել Մխիթար յանի դիմաց, եւ դա միակ առաջարկությունն է, որ կարող է բավարարել մեր պահանջները»,-ասել է Պալկինը:
Նա մանրամասնել է նաեւ ֆուտբոլիստի եւ ակումբի միջեւ գործող պայմանագրի դրույթները՝ նշելով, որ եթե Մխիթարյանը ցանկանա միակողմանիորեն խզել պայմանագիրը, ստիպված կլինի 30 միլիոն եվրո տուգանք վճարել: «Եթե մենք նրան վաճառում ենք քաղաքակիրթ ձեւով, ապա այդ դեպքում մենք մեր գինը սահմանել ենք՝ 30 միլիոն եվրո»,- ասել է դոնեցկյան ակումբի գլխավոր տնօրենը:
Հենրիխ Մխիթարյանը կպատժվի՝ նախատեսված ժամկետներում ակումբին չմիանալու համար, եթե այլ ակումբների կողմից նրա դիմաց առաջարկվող գումարը չբավարարի «Շախտյոր»-ին, եւ տեղափոխությունը չկայանա: Սերգեյ Պալկինը նշել է, որ պայմանագրում առկա են բոլոր դրույթները, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն նրա նկատմամբ ակումբին չմիանալու դեպքում: «Ամեն ինչ պայմանագրով հստակ նշված է, եւ ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա:
Հենրիխ Մխիթարյանը պետք է «Շախտյոր»-ին միանար հունիսի 23-ին, որն Ավստրիայում սկսել էր նախապատրաստվել գալիք մրցաշրջանին: Սակայն ֆուտբոլիստը, ում տեղափոխության մասին տարբեր լուրեր են շրջանառվում, դեռեւս չի միացել իր ներկայիս ակումբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում