Շիրակի մարզի ոստիկանապետ. Երկու կլանները եթե չհաշտվեն, կմիջամտենք, որ արտագաղթեն

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:

– Պարոն Բաբակեխյան, մի քանի ամիս է անցել Գյումրիի հայտնի կրակոցներից և Գյումրին որպես կրիմինալ քաղաք բնորոշվելուց հետո: Արդյոք ոստիկանությանը հաջողվե՞ց բժշկելու միջոցով փոփոխություններ իրականացնել, քանի որ ՀՀ ոստիկանապետը մեկ անգամ չէ, որ ասել է, որ ինքը բժշկելու կողմնակից է:
– Առանձնապես փոփոխություններ տեղի չեն ունեցել, մենք մեր աշխատանքն ենք կատարում: Համարել, որ Գյումրին սարսափելի կրիմինալ քաղաք է’ այդպես չէ, պարզապես ինչպես ոստիկանապետն ասաց, որ եթե կլանային հարաբերությունները չլինեն, բնականաբար Գյումրի քաղաքում գյումրեցիների առօրյան մի քիչ հանգիստ կլինի, բայց, ցավոք սրտի, այդպես չէ: Բոլոր դեպքերը բացահայտվում են, ես չեմ հիշում, որ որևէ դեպք չբացահայտված մնա:

– Այս դեպքից հետո մամուլը բազմիցս անդրադարձավ Ձեր հնարավոր պաշտոնանկությանը: Ոստիկանապետը վերջերս ծառայության գծով Ձեր երկու տեղակալներին’ Համլետ Կիրակոսյանին և Հարություն Ավետիսյանին, աշխատանքից ազատեց: Արդյո՞ք այս քայլերը համակարգի առողջացմանը կնպաստեն:
– Սկսենք նրանից, որ կադրերի ռեզերվում հայտնվելը դեռ չի նշանակում աշխատանքից հեռացում: Ինձ էլ բազմիցս լրատվամիջոցները ասում են’ ինչու կադրային ռեզերվ: Ես հարցնում եմ՝ ի՞նչ եք հասկանում դրա տակ: Շատ հավանական է՝ վաղը ոստիկանության պետը ինձ էլ վերցնի կադրերի ռեզերվ, և անցնի միառժամանակ, այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնի, նշանակի աշխատանքի: Կադրերի ռեզերվը չի նշանակում հեռացված է:

– Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է, որ կրիմինալն ու հանցագործությունները Երևանում են, նման բաներ Գյումրիի վրա մի բարդեք, Գյումրին երբեք էլ կրիմինալ քաղաք չի եղել, վատ բարքերը գալիս են Երևանից:
– Ես Վարդան Ղուկասյանի ասածը չհասկացա: Ես երևանաբնակ եմ, շաբաթներով մնում եմ այստեղ՝ Գյումրիում, իմ ընտանիքը Երևանում է: Այսինքն՝ ե՞ս եմ կրիմինալն ինձ հետ Երևանից այստեղ բերել: Այսօր այստեղ ես եմ երևանաբնակ: Համամիտ չեմ պարոն Ղուկասյանի հետ:

– Այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը լարվա՞ծ է մնում:
– Չէ՛, բացարձակ:

– Երկու գերդաստանների միջև դարավոր պայքարը հարթվե՞ց:
– Գիտեք, իմ ոստիկանության պետը լավ արտահայտություն արեց. եթե չհաշտվեն, մենք կմիջամտենք, որ իրենք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում