ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Այսօր, մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել է:
Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Դենդրոպարկը բաց է, սակայն գյուղ տանող ճանապարհը փակ է:
Հարցին, թե արդյո՞ք ճանապարհի փակումը կապված է երեկ Դենդրոպարկ այցելած քաղաքացիների մեծ թվի հետ, տնօրենը պատասխանեց, որ հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել և դրա համար փակել են, ինքը տեղեկություն չունի, իրեն ոչինչ չեն զգուշացրել:
Նա փոխանցեց նաև, որ երեկ Դենդրոպարկի տարածքում եղել են հսկող ոստիկաններ, սակայն նրանց թիվը մեծ չի եղել, իսկ այսօր ոստիկաններն ավելին շատ են և վերահսկում են մուտքի մոտից, սակայն այցելուներ քիչ են, քանի որ ճանապարհը փակ է:
Տնօրենը այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով որ հեռախոսի միջոցով չի ցանկանում հարցերին պատասխանել:
Հիշեցնենք, որ երեկ Դենդրոպարկում սոճիների փոշոտման օրն էր, որի ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ այցելել էին Դենդրոպարկ: