Սկզբից էր Խոսքը: Եվ Խոսքն Աստծո մոտ էր և Խոսքը Աստված էր: Կյանքը Նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր (Հովհ. 1;1,4)։
« …. որովհետև Աստված է, որ ասաց.-Խավարից թող լույս ծագի.- և Նա ծագեցրեց մեր սրտերում Աստծո փառքի գիտության լույսը, որը ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից»: (Բ Կորնթ. 4;6):
Աստծո խոսքը արարում է ու կենսագործում, ողորմում է ու շնորհազարդում, դատում է ու դատապարտում, բայց մենք կխոսենք մարդկայի՛ն խոսքի մասին: Իմաստունները ասում են. «Թող քո բերանը չշտապի, և ոչ էլ սիրտդ հապճեպ խոսք ասի Աստծո առջև, որովհետև Աստված երկնքում է, իսկ դու` երկրի վրա. դրա համար էլ թող քո խոսքերը սակավ լինեն» (Ժող. 5;1): «Փառքն ու անարգանքը խոսքի մեջ է, և մարդու կործանումն` իր լեզվի վրա» (Սիրաք 5;15): Այն ազդեցությունը, ինչ ունի Աստծո Խոսքը ողջ տիեզերքի վրա, նույնը ունի աստվածակերպ մարդու խոսքը իր իսկ միկրոտիեզերքի վրա. մարդու արտահայտած խոսքը կարող է ցույց տալ նրա հոգու վիճակը, կամ արտահայտությունը լինել նրա թաքուն ու բացահայտ իղձերի: Երբ մարդը գոհանում է իր ունեցածով, դա նշան է նրա հոգևոր հասունության: «Մի եղիր չափազանց արդար և ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թե սխալվես, շատ ամբարիշտ մի եղիր ու մի եղիր խստաբարո, որ չլինի թե տարաժամ մեռնես» (Ժող. 7;17-18),- այստեղ խոսքը մարդու ինքնագնահատականի մասին է: Պետք է լինել խոնարհ ինքնագնահատականի մեջ և չափավոր` մեր «եսի» դրսևորումներում:
«Քո հոգու խորհուրդների մեջ մի՛ բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոտվի զվարակի նման, այլապես քո տերևները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես և կմնաս իբրև չորացած ծառ» (Սիրաք 6;2-3): Եվ եթե մեկը չասի` ես ոչինչ եմ, չի վերափոխվի, քանզի վերափոխումը սկսվում է մկրտությամբ, որը նոր արարչություն է, իսկ Աստված սովոր է ոչնչի՛ց ստեղծելու, բայց այս անգամ արդեն Աստծո Խոսքը համագործակցում է մարդկային խոսքի հետ: Եթե մարդը ինքը իրեն ոչինչ չի կարծում, Աստված օգնում է նրան հասկանալու սեփական ոչնչությունը. «Աստված աշխարհի ոչտոհմիկներին, արհամարհվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծո առաջ» (Ա Կորնթ. 1;28-29): Եթե մարդը ինքն իրեն դատարկ անոթ չհամարի, Աստված նրան շնորհով և օրհնությամբ չի լցնի: Հիսուս փաստում է, որ մարդու արտաբերած չար խոսքերն ու կատարած չար գործերը նախ մարդու սրտում են սկզբնավորվում: Հիսուս պատվիրում է նախ մաքրել սիրտն ու միտքը, որպեսզի դրանցից ածանցվող խոսքերն ու գործերը չլինեն վնասող ու գայթակղեցնող. «Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է և օգտակար, որպեսզի շնորհով լցվի նա, ով այն լսում է: Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար: Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ և հայհոյություն թող վերանան ձեզնից` իրենց չարությամբ հանդերձ: Միմյանց հետ եղե՛ք քաղցր, գթած` ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսով» (Եփ. 4;29-32): Աստծո Խոսքը Իր հետևորդներին ևս իշխանություն է տվել ` խոսքով հաստատել կամ ժխտել, ընդունել կամ մերժել. «Եվ եթե մի քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թոթափեցե՛ք» (Մատթ. 10;14): «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև` քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12;36,37): Անկախ այն բանից, թե մարդը խոսքը արտաբերում է որևէ մտադրությամբ կամ առանց դրա, այդ խոսքը ունի իր համապատասխան ազդեցությունը: Դրանք անհետևանք չեն անցնում, և երբ Տերը զգուշացնում է խոսքի նպատակայնության անհրաժեշտության մասին, Նա ավելի շատ նկատի ունի հետևանքը, որն իր հերթին բխում է խոսքի կամ արարքի որոշակի դիտավորությունից: Աստված մարդկանց տալիս է փրկվելու ամեն մի հնարավորություն, բայց այդ հնարավորությունները անհնար է նկատել, երբ զգոնությունը քնած է: Այդպիսի մի հնարավորություն է զգուշացումը դատարկ խոսքից: Ինչպես գիտենք` խոսքը լինում է ներքին, բանավոր ու գրավոր. խոսքը ծնվում է մտքում, արտահայտվում է բանավոր և ամրակայվում է գրով: Դատարկ խոսքը, ըստ էության, հենց դատարկ էլ ծնվում է մտքում, որ դեռ լրիվ դատարկված չէ խավարի ծվեններից։
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am