Սերգո Կարապետյանը խոստանում է գյուղմթերումները իրականացնել պատշաճ մակարդակով

Հանրապետության ձեռնարկություններն արդեն մթերել են 4590 տոննա ծիրան’ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի երկու հազար տոննայի դիմաց: Այդ մասին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Հանրապետությունում ծիրանի բարձր բերք է ապահովվել: Հիսուն դրամով մարդիկ չեն կարողանում այն վաճառել: Մթերումների գործընթացը շարունակվում է, մենք լուրջ աշխատանք ենք կատ արում նաև դեղձի մթերումները ևս անխափան կազմակերպելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց նախարարը:

Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ’ դեղձի պահանաջարկն ավելի շատ է, քան առաջարկը: Միաժամանակ, գյուղանախարարը նշեց, որ սպասվում է նաև կարտոֆիլի բարձր բերք: «Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին հինգ ամիսներին արձանագրվել է 1,3 տոկոսի տնտեսական աճ: Էապես ավելացել է մշակվող հողատարածքների քանակը: 2010 թվականին հանրապետությունում ունեինք 37 տոկոս անմշակ հողատարածք, իսկ այս տարի այն կազմում է 27 տոկոս, այսինքն կատարվել է 10000 հեկտարի լրացուցիչ ցանքս»,- ասաց Սերգո Կարապետյանը:

Նրա տեղեկացմամբ’ հանրապետություն է ներկրվել եվրոպական 446 տոհմային երինջ: Այս տարվա հունվարի արդյունքներով’ հանրապետությունում անանսագլխաքանակը կտրուկ ավելացել է’ տավարինը 68 հազարով, ոչխարներինն ու այծերինը’ 84 հազարով:

Հայաստանի Հանրապետությունից հուլիսի 3-ի դրությամբ արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նախորդ տարվա նույն օրը Հայաստանից արտահանվել էր 8303 տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումն օրվա օպերատիվ տվյալով ՝ 12,243 տոննա է, ինչը գրեթե կրկնապատկվել է. նախորդ տարեշրջանի նույն օրվա տվյալը եղել է 6,170 տոննա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում