Հրայր Թովմասյանն ու Լատվիայի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 3-ին ընդունել է երևանյան համաեվրոպական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսին և նախարարության աշխատակազմի ղեկավար Իրինա Կլավինային: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում կողմերը մտքեր ե փոխանակել իրենց ղեկավարած գերատեսչություններում իրականացվող բարեփոխումների, համակարգին առնչվող օրենսդրական ընդհանրությունների և տարբերությունների վերաբերյալ: Հյուրերի խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող փոփոխությունները և ակնկալվող արդյունքները:

Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձաբար ներկայացրել են իրենց երկրների դատական համակարգերում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Լատվիայի արդարադատության նախարարը փոխանցել է իր ղեկավարած գերատեսչությունում առկա խնդիրները, դրանց լուծման համար գտնված ճանապարհները, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների իրենց փորձը: Նախկին խորհրդային հանրապետությունների արդարադատության համակարգում խնդիրները գրեթե նույնն են, ուստի զրույցի ընթացքում նաև փորձի փոխանակման և փոխգործակցության համաձայնություն է ձեռք բերվել:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արամ Օրբելյանը և Եղիշե Կիրակոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում