Բեյրութ-Երեւան ավիաչվերթը վերաբացվում է

Բեյրութ-Երևան ուղիղ ավիաչվերթով, որը կբացվի հուլիսի 5-ին, Հայաստան կգա շուրջ 130 ուղևոր, որոնց թվում են լիբանանյան կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սիդոն թրեվլ» ընկերության տնօրեն Լիլիթ Գևորգյանը’ հավելելով, որ լիբանանյան մեծաթիվ պատվիրակությունը Հայաստան է ժամանում չվերթի վերաբացումը նշելու համար: «Չվերթները լինելու են կանոնավոր, շաբաթական երկու անգամ’ երկուշաբթի և ուրբաթ: Տոմսի արժեքը կազմում է 420 եվրոյին համարժեք դրամ»,-ասաց Գևորգյանը:

Չվերթներն իրականացնելու է լիբանանյան MEA ավիաընկերությունը, որի ներկայացուցչությունը Հայաստանում «Սիդոն թրեվլ» ընկերությունն է: Պատվիրակությունը հուլիսի 6-ին կհյուրընկալվի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում, ուր երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը և Մոհամադ Չոքերը կստորագրեն համագործակցության համաձայնագիր:

Պատվիրակության կազմում են լիբանանյան MEA ավիաընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ ալ–Հութին, Լիբանանի արդյունաբերության նախարար, մեր հայրենակից Վրեժ Սաբոնջյանը, հայազգի նախկին նախարարներ և խորհրդարանի ներկայիս պատգամավորներ, Լիբանանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Հարություն Սամուելյանը, Լիբանանի Բանկերի ասոցիացիայի նախագահը, Լիբանանի արդյունաբերողների ասոցիացիայի նախագահը, բարձրաստիճան այլ պաշտոնատար այրեր, երկու երկրների դեսպանները, ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։ Այցը բացառիկ կարևոր է և լուրջ ազդեցություն կունե նա հայ–լիբանանյան տնտեսական կապերի զարգացման գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում