Վարչապետը հանձնարարեց Ֆինանսների նախարարության բացահայտումներն անհապաղ ուղարկել իրավապահ մարմիններին
Նմանատիպ
ՀՀ կառավարությունում հանրապետության նախագահի’ 2012թ. սեպտեմբերի 15-ին անցկացրած խորհրդակցությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը բարձրացրել էր պետական միջոցների արդյունավետ ծախսման հարցը, մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ընդունվել են որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատարաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով’ ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրել է դիտարկումներ, թե ինչպիսին է այսօր իրավիճակը: «Այսուհետ մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ»,- ընդգծեց վարչապետը: Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին’ վերահսկողական ծառայության բոլոր բացահայտումներն անհապաղ ուղարկել իրավապահ մարմիններին և հանրությանը ներկայացնել դրանց արդյունքները: Վարչապետի տեղեկացմամբ’ կառավարության հաջորդ նիստերից մեկում անդրադարձ կկատարվի ֆինանսների նախարարության դիտար կումների արդյունքներին’ ըստ գերատեսչությունների:
Նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին կայացած հայտնի խորհրդակցությունում ՀՀ նախագահն իր խիստ դժգոհությունն էր արտահայտել գնումների ոլորտում բոլոր պատասխանատուների աշխատանքից’ ընդգծելով, որ արձանագրված երեւույթները ինչպես պատասխանատուների կողմից ժամանակին արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցում թերացման, այնպես էլ գնումների գործընթացում պատվիրատու գերատեսչությունների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում