«Ժողովուրդ»․ Ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով 9.9 մլն դրամ է նախատեսվել

«ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո բոլոր գերատեսչությունները գնացին ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով, սակայն Երևանի քաղաքապետարանում առաջիկայում նախատեսվում են փոխել մեծ թվով մեքենաներ, և պատճառաբանվելու են, թե դրանք հին են, ու վերանորոգելու փոխարեն ճիշտ կլինի թարմացնել դրանք: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը շեղվել է հեղափոխական բարքերից:

Արդեն հայտնի է, որ 9.9 մլն դրամ նախատեսվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի՝ Միքայել Թումասյանի համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով: Երեկ խորհրդարանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը այս անհրաժեշտությունը պարզաբանեց հետևյալ կերպ. թաղապետն իր անձնական ավտոմեքենան էր օգտագործում մինչ այժմ, որը վթարվել է, և հարմար ավտոմեքենա չեն գտել մինչև այժմ, որ տան պաշտոնյային:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետի կողմից համապատասխան որոշումը կայացվել է վերջերս` հունիսի 5-ին, և այդ գումարը հատկացվել է քաղաքի բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով, և, որպես վերաբաշխման հիմնավորում, քաղաքապետը ներկայացրել է, թե հաշվի են առել Արաբկիր, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների գրությունները:

Իսկ ի՞նչ գրությունների մասին է խոսքը. ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեղեկացանք, որ վերաբաշխում է կատարվել բազմաթիվ ոլորտներում՝ հանգստի, սպորտի ծառայություններ, զբոսաշրջություն, կոմունալ ծառայություններ և այլն: Ստացվում է` մյուս թաղապետերի ծախսերի վերաբաշխումից օգտվել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական ավտոմեքենան 2019 թ. հոկտեմբերի 1-ից հանվել է աճուրդի, մեկնարկային գինը 7 մլն դրամ է, սակայն մինչև այժմ գնորդ չկա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում