«Ժողովուրդ»․ Եվրախորհրդարանի ծանր հարվածը Հայաստանին. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն

«Ժողովուրդ»․ Եվրախորհրդարանի ծանր հարվածը Հայաստանին. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն

«Եվրոպական խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի զեկուցողների և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության ղեկավարի մակարդակով ընդունված հակահայկական համատեղ հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տալիս: Խոսքը Արցախի և Հայաստանի միջև երրորդ ճանապարհի շինարարության վերաբերյալ տարածված հայտարարությանն է վերաբերում:

Ուշագրավ է, որ հայտարարության հեղինակներից առնվազն երկուսը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Ռումինիայի նախկին նախագահն ու Էստոնիայի նախկին արտգործնարարը: Ի դեպ, երեքից երկուսը ԵԺԿ անդամներ են, մեկը՝ ALDE-ի: Այս ամենը տեղի ունեցավ մյուս շաբաթ սպասվող Եվրախորհրդարանի լիագումար նիստի և ԱլԳ գագաթաժողովի նախաշեմին: Սակայն այստեղ ուշագրավ է, որ «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ» հայտարությունում տեղ գտած ձևակերպումները հակասում են մինչ այդ Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտարարություններին և փաստաթղթերին:

Հունիսի 10-ին ընդունված այդ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009 թ․ հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:

Այսինքն, հայտարարությամբ հստակ կանխորոշվում է Արցախի վերջնական կարգավիճակը՝ սահմանափակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները: Մինչդեռ անցյալում Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերում նման ձևակերպում չի եղել: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության այս հանձնաժողովը գրեթե ամեն տարի երկկողմ նիստեր է անցկացնում, որոնց արդյունքում ընդունվում են համատեղ հայտարարություններ: Ամեն դեպքում, որքան էլ այս հայտարարությունը տարածվել է Ադրբեջանի ջանքերով, առկա է նաև հայկական կողմի բացթողումը:

Իսկ ո՞վ է իրավիճակի պատասխանատուն: Ընդգծենք, որ այս մասի պատասխանատուն Արման Եղոյանն է՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահը, ու մյուս անդամները: Երեկ Եղոյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, իսկ ավելի ուշ կոմիտեի անդամներով հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով հայտարարությունը: Ամեն դեպքում, անկախ այս երեք պաշտոնյաների նման հայտարարությամբ հանդես գալու դրդապատճառներից՝ հայկական կողմի խնդիրը պետք է լինի կանխել հետագայում նման ձևակերպումների արտացոլումը եվրոպական կողմի հայտարարություններում ու փաստաթղթերում, և դա անել նախապես, ոչ թե հայտարարություններից հետո զբաղվել դրանցով»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում