Խաղաղության «ալպիական մանուշակը»․ Բակունցի գրականությունը գեղարվեստորեն վերարտադրված հայրենիքն է

Խաղաղության «ալպիական մանուշակը»․  Բակունցի գրականությունը գեղարվեստորեն վերարտադրված հայրենիքն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արեւից քարերը տաքանում են, եւ երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»…

Ակսել Բակունց

Մի զրույցի ժամանակ Ավ. Իսահակյանն ասել է Մարտիրոս Սարյանին. «Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով եւ փայլատակում են քո կտավների գույներով»։ Այդ գրողը, ում մասին հիացական խոսել է Իսահակյանը, Ակսել Բակունցն էր։

Նա եղել է անչափ հմայիչ, սիրալիր, զուսպ, գնահատել է ազնվությունը։ Չնայած այն բանին, որ մտերմիկ զրույցների սիրահար է եղել, եւ թվացել է, թե իր հոգին բաց է եղել յուրաքանչյուրի առաջ, միեւնույն ժամանակ, ինչպես ժամանակակիցներն են նշում՝ «մի խորհրդավոր անհաղորդություն է կրել իր մեջ»։ Ակսել Բակունցի ներկայությամբ նույնիսկ դյուրաբորբոք ու հախուռն Չարենցն իրեն պահել է զուսպ, երբեմն ամաչել ավելորդ խոսք ասել։ «Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ ինձ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը եւ Բակունցը գրական կուռքեր էին»,–իր հուշերում անկեղծացել է Ռուբեն Զարյանը, ով, ի դեպ, այդ ժամանակ արդեն անվանի թատերական գործիչ էր։

Պատանեկության տարիներին Ալեքսանդրը խաղացել է նորվեգացի դրամատուրգի «Նորապսակները» պիեսի բեմադրությունում, ուր մարմնավորել է Ակսելի կերպարը։ Այդ ներկայացումից հետո ընկերները Ալեքսանդրին սկսել են անվանել Ակսել, իսկ ահա գրողի տոհմը կրել է Բեգունց անունը, որից՝ Բակունց։ Այսպես Ալեքսանդր Թորոսյանը «վերածնվել» է Ակսել Բակունց գրական անունով։

Այսօր հայ անվանի մտավորականի ծննդյան օրն է։ Ծնվել է ճարտարապետությամբ ու լեռնային բնությամբ հարուստ Գորիսում։ Իր մանկության տպավորությունները հայրենի լեռնաշխարհի ու յուրատիպ կենցաղով մարդկանց մասին հետագայում դառնալու էին նրա գրականության հավաստագիրը։ «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում։ Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը»,–շատ դիպուկ նկատել է Բակունցը։

Մանկությունը թեեւ անցել է կարիքի մեջ, սակայն դա չի խանգարել, որ փոքրիկ Ալեքսանդրը ծխական դպրոցում փայլեր իր խելացիությամբ, ապա՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում կրթությամբ։ Նա ստանձնել է ուսուցչի առաքելությունը, հայ մանուկներին դաստիարակել հայոց հողը պաշտպանելու, հայ գրերը երբեք չմոռանալու խրատներով։ Ինքն էլ, որպես իր սկզբունքներին հավատարիմ, անձամբ մասնակցել է հայրենի երկրի պաշտպանությանը՝ Էրզրումի, Կարսի մարտերին, Սարդարապատի հերոսամարտին։ Գուրգեն Մահարին ասել է, թե Ակսել Բակունցը զբոսնելիս կռանում էր, վերցնում մի հողակոշտ եւ ագահաբար համբուրելով՝ հպարտանում. «Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ՞»…

Պատահական չէր, որ Ակսել Բակունցը կրթություն է ստանում նաեւ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում։ Նա ոչ միայն պաշտպանել ու սիրել է գյուղը, հողը, այլեւ լրջորեն զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ ստանձնելով գյուղատնտեսի եւ մի շարք այլ պաշտոններ։ Բնաշխարհի մանկության հիշողություններն ու գյուղատնտեսի կոչումը «ուղեւորվել» են դեպի գրականություն։ «Իմ բոլոր պատմվածքները մինչեւ թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած՝ գյուղից գյուղ շրջելիս»,–ասել է գրողը։ Բավական է ընթերցել «Մթնաձորը»՝ զգալու համար նրա բարձր լեռներն ու թավուտ անտառները, ուր «թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, եւ բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում», եւ այս «կուսական ու վայրի» Մթնաձորում ապրող մարդկանց հոգսերը, բարքերն ու կենցաղը։ Զգացմունքային, հայրենի բույրով, պարզ ու քնքուշ են Ակսել Բակունցի գործերը, ինչպես Կաքավաբերդի բարձունքի միակ այն ծաղիկը՝ «Ալպիական մանուշակը», ում «ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն»։ «…Նա ապրում է, զգում է հողը, տարերքը, եղբայրական մի բարությամբ է համակված դեպի բույսերը, թռչունները, կենդանիները…»,–ասել է Ավ. Իսահակյանը։ Ակսել Բակունցի գրականությունը գեղարվեստորեն վերարտադրված հայրենիքն է, հայի ճակատագիրը։ «Նրա նկարագրությունները աղբյուրի նման խոխոջում են ոչ բարձր ձայնով, բայց եւ բյուրեղյա մաքրությամբ ու տիրաբար»,–ահա եւ ռուս գրականագետ Կիրպոտինի գնահատականը։ …«Հակահեղափոխական», «ազգայնամոլ», «ժողովրդի թշնամի»։ Մեղադրանքներ, որոնք հնչեցին Ակսել Բակունցի դեմ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քաղաքական նոր օրինաձեւ մշակվեց՝ աքսորել կամ գնդակահարել այն հոգեւորականներին, մտավորականներին, առեւտրականներին եւ ամեն տեսակ դասակարգի մարդկանց, ովքեր ստալինյան բռնաճշումների ժամանակ իրենցից «վտանգ» էին ներկայացնում։ Այդ «անմեղ մեղավորներից» մեկը Ակսել Բակունցը եղավ, ում բանտարկեցին. «Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշեր է, թե ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում»։ Անգամ մահվան վտանգի առաջ գրողը չդավաճանեց հայրենիքին. «Ես օճառի գործարանի տնօրեն չեմ, որ որտեղ էլ աքսորեք, ինձ համար միեւնույնը լինի, ես գրող եմ՝ կապված որոշակի լեզվի ու միջավայրի հետ, ուստի խնդրում եմ՝ եթե ինձ աքսորելու եք, աքսորեք Հայաստանի ծայրամասերից մեկը, եւ ոչ թե օտար մի տեղ»։ Մի շարք անհիմն մեղադրանքներ Բակունցի դեմ, որի վերջը՝ մահապատիժ. «Ինձ գրելու ու կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գի՜րք ու մատի՜տ տվեք»։ Սակայն այդպես էլ Ակսել Բակունցին աքսորի հրաման չտվեցին։ Մահապատժի վճիռը կայացված էր…

…Ե՛վ բառերի համար քո մարմարյա,

Հնամենի, բուրյան, որպես մեր հին

Քարաքանդակ անդուռ մատուռների

Անջընջելի գրերն հնադարյան,-

Եվ մյուռոնի նման սրբազնագույն

Քո երկերի մաքուր սկիհներում պահված

Խորհուրդների համար մշտահըմա,

Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու… …Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ

Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…

Չարենցը, ով եւս դառնալու էր «քաղաքական զոհ», չերկնչեց ոչ ոքի առաջ ու երգեց իր լավ ընկերոջ ու բանաստեղծի մասին…

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում