Չխաբվե՛ք. Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ-որ մարդս սերմանում է, նույնը և կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք (Գաղ. 6; 7-8)։
Սուրբ Գրքի այս շատ կարևոր պատգամը ժողովրդին հայտնի է որպես «ով ինչ ցանի, այն կհնձի» ասացվածք, որի ասելիքը տարածվում է մարդու գործունեության տարբեր ոլորտների և միջանձնային հարաբերությունների վրա:
Սակայն սուրբգրային պատգամը իր մեջ ներառում է ոչ միայն զուտ պատճառահետևանքային առնչությունները, այլև աստվածային արդար ու անկասելի հատուցման գաղափարը` Աստծո ամենագիտության ու մարդու ազատ կամքի և ընտրության համատեքստում:
Աստված, ՈՒմ մասին խոսում է առաքյալը, Միակն է, Նա Սեր է, Հոգի է ու Կյանք: Ա՛յդ Աստված է, որ չի ծաղրվում, Նա՛ է, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Այդ միակ Աստված հայտնվեց մեզ Քրիստոսով` որպես Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք:
Շատ քրիստոնյաներ կարծում են, թե Աստված իրենց հաջողության թալիսմանն է և իրենց անցողիկ կյանքի բարեկեցության երաշխավորը, որ պիտի ապահովի իրենց ուրախ ու անհոգ «կյանքը»: Այսպիսի քրիստոնյաներին է դիմում առաքյալը. «Եթե միայն այս կյանքի համար եք հույս դրել ի Քրիստոս Հիսուս, ողորմելի եք, քան բոլոր մարդիկ»: Եվ դարձյալ. «Եթե Նրա չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից կլինենք նաև Նրա փառքին»: Հիսուս խոստացավ, որ Իր հետևորդները որևէ բանի պակասություն չեն ունենա, և իսկապես, ի՞նչ կարիք կարող է ունենալ Տիեզերքի Արարչի զավակը, երբ հենց ողջ Տիեզերքն է իրենը, հավիտենությունն ու անսահմանությունը: Ովքեր այդպես են մտածում, չեն սարսափում նյութից ու ժամանակավորից բաժանումից և իսկապես ապրում են: Իսկ նրանք, ովքեր կերակրվում են այլմոլորակային քաղաքակրթությունների մասին հեքիաթներով և միաժամանակ անմեկնելիորեն կապված են հարազատ Երկրին ու կառչած երկրայինից, պիտի ամեն քայլափոխի երերան հարափոփոխ աշխարհի ցնցումներից:
Եթե մենք չենք ընտրում պատվիրանապահությունը, որի մյուս ծայրում հավիտենական երանությունն է, մեխանիկորեն ընտրում ենք անհնազանդությունը, որի մյուս ծայրում հավիտենական կորուստն է: Մեր ընտրության ազատությունը մեզ լայն հնարավորություն չի ընձեռում: Շատ են այն մարդիկ, որ երազում են փոխել տիեզերքի և կեցության աստվածահաստատ օրենքները, որպեսզի իրենց ժամանակավոր կյանքը ուզածի պես ապրելուց հետո հավիտենական բարիքները ևս վայելեն: Մի խումբ մարդիկ էլ ջանում են տեսականորեն բավարարել առաջինների պահանջները` ապահովելով հեռանկար չունեցող գաղափարներով, քողարկելով իրականությունը, ստվարացնելով պատրանքի շղարշը:
Բարեբախտաբար, Աստված չի ծաղրվում, ով ինչ ցանում, այն էլ հնձում է, իսկ փոս փորողն ինքն է ընկնում իր փորած փոսը:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am