Հրայր Թովմասյան. «Սահմանադրությունը պետականության խորհրդանիշն է»

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շնորգհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ինչպես Times.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: 18 տարի առաջ Հայ ժողովրդի մեծամասնությունը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, «այո» ասաց նորանկախ Հայաստանի Սահմանադրությանը: Փաստաթուղթ, որում ներառված են հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Փաստաթուղթ, որում ամրագրված սկզբունքները անկյունաքարային նշանակություն ունեն մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Իսկ այդ սկզբունքները կյանքի կոչելը յուրաքանչյուրիս գերագույն խնդիրն ու պարտականությունն է: Բոլորս պետք է գիտակցենք, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և իրականության միջև առկա խզումները միայն համատեղ ջանքերով կարող ենք վերացնել և որ դա մեր բոլորի պարտքն է:

Այդ ճանապարհով է միայն հնարավոր սահմանադրական արժեքները լիովին իրողություն դարձնել և երկրում ամրապնդել սահմանադրական ժողովրդավարություն: Համոզված եմ, որ այդ ճանապարհը հարթելուց հետո բոլորս կգիտակցենք, որ Սահմանադրությունը պետականության խորհրդանիշն է, հպարտությամբ կգիտակցենք Սահմանադրություն ունենալու կարևորությունը և հուլիսի 5-ը իսկապես տոն կդառնա յուրաքանչյուր հայի համար: Հավատում եմ, որ հեռու չէ այդ օրը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում