Հայ մտավորականները կոչ են արել Մուշի քաղաքապետարանին հարգել հայերի պատմական արժեքները

Թուրքիայում բնակվող մի խումբ հայ մտավորականներ կոչ են արել թուրքական իշխանություներին դադարեցնել Մուշում պատմական հայկական տների ավերումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական aykiridogrular.com կայքը, իրենց արած հայտարարության մեջ նրանք առաջարկել են Մուշի քաղաքապետարանին և մշակույթի վարչությանը քաղաքում հայկական տներից մեկում բացել թանգարան, որտեղ կներկայացվի հին հայկական թաղամասը: «Որքան էլ կառավարությունը հայտարարի, որ քաղաքում վերակառուցումն իրականացվում է բնակչությանը նոր բնակարաններով ապահովելու համար, այդուհանդերձ, շուրջ 5000 տարվա պատմություն ունեցող ազգի անցյալը խորհրդանշող, մշակութային և պատմական հետքերը կրող այս տները քանդելը և դրանց փոխարեն նորը կառուցելը նշանակում է թիկունքը շրջել պատմական և մշակութային արժեքներին, անարգել ժամանակին այս տներում բնակվողների հիշատակը, ջնջել նրանց հետքերը, նրանց ցավեցնել և նվաստացնել: Այդ պատճառով առավել օգտակար և ճիշտ ենք համարում քանդելու համար նախատեսված տներից մեկը վերածել թանգարանի’ այն անվանելով «Տարոնի հայկական թանգարանային տուն»»,- նշվում է նրանց հայտարարության մեջ: Մտավորականները նշում են, որ այդ թանգարանում Մուշի հին տներն ու փողոցները մակետներով կամ նկարներով ցուցարդրելը ձեռնտու է նաև թուրքական իշխանություններին, քանի որ այդպիսով Թուրքիան իր հարգանքը կցուցաբերի մշակութային և պատմական արժեքների նկատմամբ, ինչպես նաև կնպաստի Մուշում զբոսաշրջության զարգացմանը: Միաժամանակ նրանք առաջարկել են նոր կառուցվելիք թաղամասի սկզբում կանգնեցնել հատուկ ցուցափեղկ, որ? ? վրա կպատմվի Մուշի պատմությունը, ինչպես նաև հարգանք կմատուցվի այս հողերի վրա երկար տարների ի վեր բնակություն հաստատած հնագույն ազգերից մեկի’ հայերի նկատմամբ: Հայտարարության տակ ստորագրել են Սարգիս Ադամը, Քուրքեն Բերքսանլարը, Նազարեթ Դավիթյանը, Ռյուսթեմ Այրալը, Նուրհան Ույգունը, Զեյնեփ Թոզդումանը և Ջևաթ Սինեթը:

Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) սկսել է քանդել Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական տները: Թուրքական նոր նախագծի համաձայն’ նախատեսվում է քանդել մոտ 500 տուն, և փոխարենը կառուցել 770-ը: Նշվում է, որ բնակարանների ներկայի բնակիչները հրաժարվում են վարչության տրամադրած փողերի դիմաց թողնել և հեռանալ տներից: Սակայն ի պատասխան նրանց բողոքների’ TOKİ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն դեպքում քանդելու են տները, և եթե բնակիչները կամավոր չհեռանան, ապա նրանց իրերն էլ կմնան փլատակների տակ:

Մուշի պատմական հայկական տները քանդելու դեմ Թուրքիայում էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել, որի նախաձեռնողները կոչ են արել միանալ և արգելել հայկական պատմական վերջին հետքերի ոչնչացումը Մուշում: «Հայերը, հույները, ասորիները համակարգված կերպով կոտորածի են ենթարկվում: 1915 թվականի ցեղասպանությամբ սկսված գործընթացն այսօր շարունակվում է որպես մշակութային և տնտեսական ցեղասպանություն: Սրա նպատակն առավելագույն շահույթ ստանալն է, ինչպես նաև հավաքական հիշողությունը ոչնչացնելը: Մշակույթ ոչնչացնելը մարդկություն ոչնչացնել է նշանակում: Սա պատմական կոտորած է: Հանուն ժողովուրդների եղբայրության և հավասարության դու էլ քո ստորագրությամբ կանխիր այս կործանումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում