«Բորուսիա»-ն և «Շախտյոր»-ը համաձայնեցրել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը. Kicker
Կարդացեք նաև
Դորտմունդի «Բորուսիա»-ն և Դոնեցկի «Շախտյոր»-ը համաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում է գերմանական Kicker հանդեսը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի 5-ին Դոնեցկում՝ գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի, մարզական տնօրեն Միխայել Ցորկի և դոնեցկյան թիմի ղեկավարների հանդիպման ժամանակ: Տեղեկացվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո:
Kicker-ը նշում է, որ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Կլոպը հենց Մխիթարյանին էր տեսնում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոցեին փոխարինող, ով 37 մլն եվրոյով դորտմունդյան ակումբից տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»: Ի դեպ, Kicker-ն իր նյութը վերնագրել է այսպես. «Գյոցեի իրավահաջորդը Մխիթարյանն է. Դորտմունդը և Դոնեցկը եկել են համաձայնության»:
Նշվում է նաև, որ Մխիթարյանը կլինի «Բորուսիայի» երրորդ ձեռքբերումը Սոկրատիսից (Վերդեր) և Օբամեյանգից (Սենթ Էթյեն) հետո:
Միաժամանակ, գերմանական Bild հանդեսը հայտնել է, որ Մխիթարյանը և «Բորուսիա»-ն համաձայնության են եկել ֆուտբոլիստի անհատական պայմանագրի հարցում:
Այսօր առավոտյան Sky Germany-ն էլ տեղեկացրել է, որ դորտմունդյան ակումբի ղեկավարներն ուղևորվել են Դոնեցկ՝ Մխիթարյանի հարցի վերջնական լուծման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում